Հայաստանը գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում․ Ռոմելլա Աբովյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՄենք գտնվում ենք սուր շնչառական վարակների, գրիպի սեզոնի մեջ։
Այս մասին հրավիրված ասուլիսին հայտնեց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ տեղեկացնելով, որ իրականացվող մշտադիտարկման արդյունքում կարելի է արձանագրել, որ այս պահի դրությամբ ունենք սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված բարձր ակտիվություն։
Ռոմելլա Աբովյանն ընդգցեց, որ բարձր ակտիվությունը դիտվում է պոլիկլինիկական կազմակերպության դիմելիությամբ և շտապօգնության կանչերի շրջանում։
«Եթե նախորդ օրվա հետ համեմատենք, ապա 1,1 անգամ աճ ունենք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2,5 ամգամ ։ Ընդհանուր առմամբ համաճարակային շեմից բարձր ենք 2,2 անգամ։ Վերլուծությունները ցույց են տվել, որ սուր շնչառական հիվանդությունները հիմնական ակտիվություն երևում է 0-14 տարեկանների և 30-64 տարիքային խմբերի շրջանում»,- հայտնեց Ռոմելլա Աբովյանը։
Անդրադառնալով հոսպիտալացվածներին, Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետը հայտնեց՝ փետրվարի 8-ի դրությամբ ՀՀ ստացիոնարներում բուժում է ստանում 456 պացիենտ, որոնցից 84,8 տոկոսը կազմում են 0-18 տարեկան երեխաները։
«Թոքաբորբով ունենք 317 պացիենտ, որից 57-ը 0-18 տարեկան բնակչությունն է»,- ասաց Ռոմելլա Աբովյանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ ներդրված է սուր շնչառական և գրիպի համաճարակաբանական հսկողության համակարգ, որը թույլ է տալիս յուրաքանչյուր սեզոնի ժամանակ բացահայտել, թե որ շտամի հետ գործ ունենք։
Ռոմելլա Աբովյանն իր խոսքում նշեց, որ գրիպի Ա ենթատեսակն ավելի արագ է տարածվում և հիմնական թիրախը երեխաներն են։ Ներկայացնելով ախտանշանները՝ շեշտվեց, որ դրանք նման են սուր շնչառական վարակի ախտանշաններին՝ ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, քթից արտահոսք, հազ։
Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետն անդրադարձավ նաև երկրում տիրող կորոնավիրուսային իրավիճակին՝ նշելով, որ օմիկրոն շտամը շատ նման է սուր շնչառական հիվանդություններին և դրա պատճառով է, որ բնակչությունը շատ հաճախ չի թեստավորվում՝ զբաղվելով ինքնաբուժությամբ։
«Նախորդ 14 օրվա համեմատ ունենք նոր դեպքերի աճ 437 տոկոսով։ Դրական թեստերի մասնաբաժինը կազմում է 38․5 տոկոս, իսկ նախորդ 14 օրերի ընթացքում այն կազմել է 10,5 տոկոս։ Դեռևս շարունակում են արձանագրվել դեպքեր 0-18 տարեկանների շրջանում։ Դեպքերի աճը հիմնականում մեծ է Երևան քաղաքում»,- ասաց Ռոմելլա Աբովյանը նշելով՝ ըստ Եվրամիության չափորոշիչների Հայաստանը գտնվում է մուգ վառվող կարմիր գոտում։
Մանրամասները՝ տեսանյութում։