Բացել լրահոսը Փակել լրահոսը
image-07-02-22-10-44
A A
Քաղաքականություն

Լուկաշենկոյի հայտարարությունները վտանգավոր են Հայաստանի համար. քաղաքագետ 

Բելառուսի նախագահի հայտարարությունները միանշանակորեն Հայաստանի համար վտանգավոր են, որովհետև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի դաշնակից ներկայացող Բելառուսը ոտնձգություն է անում ՀՀ ինքնիշխանության նկատմամբ։ 
 
«Ա1+»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն, անդրադառնալով Բելառուսի նախագահի այն հայտարարություններին, թե Հայաստանը փախչելու տեղ չունի, նրանք որևէ մեկին պե՞տք են…։
 
«Այն ձևաչափը, որի մասին խոսում է Լուկաշենկոն՝ միութենական պետության կազմի մասին, սա Հայաստանին Միութենական պետության մեջ ներքաշելու տրամադրությունները ստուգելու նպատահով արված հայտարարություն է։ Լուկաշենկոն խոսում է ոչ թե իր անունից, այլ նաև Հայաստանի սուվերենազրկմամբ հետաքրքրված մյուս սյուբյեկտների անունից», ընդգծեց քաղաքագետը՝ նշելով՝ ՀՀ արձագանքը պետք է դիվանագիտորեն համարժեք և հավասարակշռված լինի՝ դիվանագիտական պարզաբանման պահանջի տեսքով։
 
Եթե կլինի պարզաբանումներ բելառուսական կողմից՝ պարզ կլինի հետագա գործողություների ընթացքը։ Այդ միտումը, որևէ լավ տեղ չի տանում, որովհետև խոշոր հաշվով խոսք եղավ ոչ միայն ՀՀ-ի մասին։ Անդրադարձ եղավ նաև Ադրբեջանին, որի աջակիցը ինչպես նշեց Լուկաշենկոն՝ Թուրքիան է և Ադրբեջանն այդ ֆորմատներից դուրս է, իսկ Հայաստանին անճար, բոլորի կողմից մերժված սուբյեկտ ներկայացվեց։ Սա նշանակում է «դաշնակցի» նկատմամբ չկա հարգանք»,- ասաց Էմիլ Օրդուխանյանը։ 
 
Քաղաքագետը կարծում է, որ պետք է Հայաստանի կողմից գոնե դեսպանի մակարդակով արձագանք լինի Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հայտարարություններին։
 
Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, որ առաջիկա 15 տարիներին, Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Հայաստանը, Ղազախստանը և կենտրոնական Ասիայի այլ պետություններ։ Անդրադառնալով Հայաստանին, Լուկաշենկոն նշել է՝  Հայաստանը փախչելու տեղ չունի... ինչ է, կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են... իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է։