Դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվեց
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ այսօր բավարարեց Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Բախշիյանը մեղադրվում է անձին ապօրինի կալանավորելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Ըստ մեղադրանքի՝ դատավոր Բախշիյանը ապօրինի կալանավորել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող ամբաստանյալին՝ Նվեր Մկրտչյանին։ Վերջինս էլ հենց Փարամազյանի դեմ ցուցմունք է տվել:
Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, հայտարարել է՝ իր նկատմամբ կատարվող գործընթացները բացառապես ուղիղ միջամտություն են իր՝ որպես դատավորի լիազորությունների իրականացմանը։
Հիշեցնենք, որ Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ով փոխել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ խափանման միջոցը` կալանքը փոխարինելով գրավով և չհեռանալու մասին ստորագրությամբ։