Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան ՄԻՊ
A A
Հասարակություն

ՄԻՊ աշխատակիցներն այցելել են հայտնի մանկապարտեզ, կապի մեջ են նաև ծնողի հետ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

Երևանի մանկապարտեզներից մեկում երեխայի նկատմամբ վատ վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ հրապարակումից անմիջապես հետո, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցելել են այդ մանկապարտեզ: 
 
Տեղի են ունեցել առանձնազրույցներ աշխատողների և տնօրինության հետ: 
 
Օրվա ընթացքում նախաձեռնվել են բազմակողմանի մասնագիտական քննարկումներ Երևանի քաղաքապետարանի հետ: 
 
Պաշտպանի աշխատակազմը նաև կապի մեջ է երեխայի ծնողի հետ:
 
Ի գիտություն է ընդունվել տեղեկությունն այն մասին, որ հարուցվել է քրեական գործ:
 
Երեխայի վերաբերյալ հրապարակումների բովանդակության հետ կապված` պետք է նկատի ունենալ, որ ցանկացած նյութ հրապարակելիս պետք է ղեկավարվել չվնասելու սկզբունքով, հարգել երեխայի արժանապատվությունն ու իրավունքները ցանկացած իրավիճակում: 
 
Երեխայի մասին տվյալներ լուսաբանելիս հատուկ ուշադրություն պետք է դարձվի յուրաքանչյուր երեխայի անձնական կյանքի գաղտնիությանը:
 
Պաշտպանն իր իրավասության շրջանակում կշարունակի հետևել այս գործով ձեռնարկվող քայլերին, երեխայի իրավունքների ապահովման վիճակին:
 
Բոլորին հորդորում ենք նկատի ունենալ, որ երեխայի լավագույն շահը գերադասելի է ցանկացած իրավիճակում. հրապարակային աղբյուրներում չպետք է նշվեն այնպիսի տվյալներ, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնել երեխային կամ նրա ընտանիքը, այդ թվում` շեշտելով երեխայի ազգային կոնկրետ պատկանելիությունը, անգամ եթե անունները փոխված են (օրինակ` եթե նպատակն է ցույց տալ, որ առկա է խտրականություն ազգային պատկանելիության հիմքով, ապա առավելագույնը կարելի է նշել, որ խոսքն ազգային փոքրամասնության ներկայացուցչի մասին է):
 
Գրություններ են նախապատրաստվել ուղղված Երևանի քաղաքապետարանին և Ոստիկանությանը: