Լևոն Արոնյանը կպայքարի աշխարհի թագի համար
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը կմասնակցի այսօր Բեռլինում մեկնարկող ՖԻԴԵ-ի 2022թ Գրան պրիի խաղարկության առաջին փուլին:
Ինչպես տեղեկացնում է շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը, վարկանիշով աշխարհի 3-րդ շախմատիստ Դին Լիժենը վատառողջության պատճառով ստիպված է բաց թողնել այս մրցաշարը: Դա նշանակում է, որ չինացի գրոսմայստերը կարող է ընդհանրապես զրկվել աշխարհի թագի համար պայքարից, քանի որ հենց Գրան պրիի ընթացքում են խաղարկվելու հավակնորդների մրցաշարի վերջին երկու ուղեգրերը:
ՖԻԴԵ-ն վերջերս փոխել է աշխարհի առաջնության ընտրական փուլի անցկացման մրցակարգը, ըստ որի վարկանիշով բարձր տեղ գրավող շախմատիստներն այսուհետ չեն կարող ինքնաբերաբար դառնալ հավակնորների մրցաշարի մասնակից: Չինացի շախմատիստին փոխարինել է լեհ Ռադոսլավ Վոյտաշեկը:
Գրան պրիի առաջին փուլին մասնակցող 16 շախմատիստները բաժանվել են չորս խմբերի: ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը գլխավորում է C խումբը, որտեղ նրա մրցակիցներն են հնդիկ Վիդիթ Գուջրաթիին, ռուսաստանցի Դանիլ Դուբովը և գերմանացի Վինսենտ Կեյմերը: Շախմատիստները երկու շրջանով կորոշեն հաղթողին:
Այս խմբի առաջին տեղը կիսաեզրափակիչում կհանդիպի D խմբի հաղթողի հետ, որտեղ հանդես են գալիս ամերիկացիներ Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսը, հնդիկ Պենտալա Հարիկրիշնան ու Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը: Մրցաշարի հաղթողը կորոշվի եզրափակիչում:
Նշենք, որ յուրաքանչյուր շախմատիստ կարող է մասնակցել ընդամենը երկու մրցաշարի: Առաջին տեղի համար նրանք կստանան 13 վարկանիշային միավոր: Երկրորդ տեղը կվաստակի 10, իսկ կիսաեզրափակիչի մասնակիցները` 7-ական միավոր: Խմբում 2-3-րդ տեղերը գրաված շախմատիստները կստանան համապատասխանաբար 4 և 2 միավոր:
Հավելենք, որ Լևոն Արոնյանը բաց կթողնի Գրան պրիի 2-րդ փուլը, որը տեղի կունենա Բելգրադում: Նա կմասնակցի 3-րդ փուլին, որը կրկին կայանալու է Բեռլինում, մարտի 21-ից մինչև ապրիլի 4-ը: