Բացել լրահոսը Փակել լրահոսը
օմիկրոն
A A
Հասարակություն

Ամբողջ աշխարհում իրականացվել է շուրջ 8,2 մլրդ դեղաչափ պատվաստում

Պատվաստումային գործընթացի մեկնարկից ի վեր Քովիդ-19-ի (Sars-CoV-2) դեմ ամբողջ աշխարհում իրականացվել է շուրջ 8,2 մլրդ դեղաչափ պատվաստում։

«Պարտաճանաչ» երկրների առաջին տասնյակը վերջին մեկ տարում առանձնապես փոփոխություն չի կրել․ ամբողջական՝ երկու դեղաչափով պատվաստված բնակչության թվով Արևմտյան Եվրոպայի ու ամերիկյան մայրցամաքի երկրները շարունակում են առաջատար մնալ։

Միևնույն ժամանակ, երկրագնդի միլիոնավոր բնակիչներ, որոնք չեն ստացել պատվաստանյութերի առաջին ու երկրորդ դեղաչափերը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ, մնում են հիվանդության ծանր ընթացք ունենալու ռիսկի ներքո։

Համաձայն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի՝ համավարակի հետագիծը կախված կլինի յուրաքանչյուր բնակչից։ Հաշվի առնելով կրկնակի վարակման դեպքերն ու նոր շտամերի առաջացման հավանականությունը՝ գրասենյակը վարակի փոխանցման շղթան հնարավորինս արագ կոտրելու համար հորդորում է օր առաջ պատվաստվել։

Քովիդ-19-ի Օմիկրոն շտամը նոր մարտահրավեր է նետել աշխարհին, ներառյալ պատվաստված բնակչության բարձր տոկոս ունեցող երկրներին։ Հունվարի 10-ի դրությամբ, օրինակ, Մեծ Բրիտանիայում, որտեղ ամբողջությամբ պատվաստված է երկրի բնակչության 70%-ը, հաստատված դեպքերի շուրջ 96%-ը վարակված են եղել Օմիկրոն շտամով։ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում ևս հիվանդների 80-90%-ի մոտ այս շտամն է հայտնաբերվել։

Ինչպես «Ամփոփ Մեդիա»-ին հայտնել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակից, Օմիկրոնի դեպքում, ըստ նախնական տվյալների, առկա պատվաստանյութերը պակաս արդյունավետ են, սակայն հիվանդության ծանր ընթացքից պաշտպանում են․

«Օմիկրոնի դեպքում պետք չէ ապավինել COVID-19-ով նախկինում վարակված լինելու արդյունքում ձեռք բերված բնական իմունիտետին։ Եթե ունեցել եք COVID-19-ը, միևնույն է, պատվաստվե՛ք։ Լաբորատոր հետազոտությունները հստակ ցույց են տալիս, որ COVID-19 վարակից ապաքինվելը չի ապահովում պաշտպանության այնպիսի մակարդակ, որ իմունային համակարգը կարողանա կանխել հետագա վարակումը։ Կրկնակի վարակման դեպքեր նույնպես հնարավոր են, ուստի վարակից և հիվանդության պոտենցիալ ծանր ընթացքից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստվելն է»։

Այն, որ այս իրավիճակում չպատվաստված բնակչությունն ավելի խոցելի է դառնում, ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակում կասկածից վեր են համարում։ Կանխատեսում են՝ Օմիկրոնն աննախադեպ արագությամբ կտարածվի ու, ինչպես Դելտայի ալիքի դեպքում էր, այս դեպքում էլ չպատվաստված համայնքներն ամենաշատը կտուժեն։

Տարածվածությամբ այժմ ամբողջ աշխարհում գերակշռող են հիմնականում երկու՝ Դելտա և Օմիկրոն շտամերը։ «Մրցակցությունն» այս երկու տարբերակների միջև բավականին սուր է․ Դելտայի և Օմիկրոնի հարաբերակցությունը շաբաթների ընթացքում է փոխվում։ Քովիդ-19-ի ավելի վաղ հայտնի դարձած շտամերը շրջանառության շատ ավելի ցածր մակարդակ ունեն։

Աշխարհի տարբեր մայրցամաքներում Օմիկրոն շտամով վարակվածության ակտիվ օջախներ կան արդեն ավելի քան 30 երկրներում։ «Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է այդ երկրներում Դելտա և Օմիկրոն շտամերի հայտնաբերման ցուցանիշները հաստատված դեպքերի շրջանում 1 ամսվա տարբերությամբ և պարզել, որ հակադարձ համեմատական կապ կա նշված երկու շտամերի միջև, ինչը նշանակում է, որ Օմիկրոն շտամով դեպքերի ավելացումը հանգեցնում է Դելտա շտամով դեպքերի գրեթե նույնքան նվազման։ Այս մասին է վկայում ստորև բերված գծապատկերը։