Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 29-ը հունվարի․ Կա պատմական շանս Ղարաբաղի հարցը լուծել մեր ուզած տարբերակով, ապագայում շատ ավելի վատ տարբերալներ են առաջարկվելու (տեսանյութ)

1994-ի այս օրերին մոտ ամիսուկես ընդմիջումից հետո բլոկադայում գտնվող Հայաստանի բնակիչները կրկին ստանում են հումանիտար կերոսին: «Լավ է ուշ, քան երբեք»,-մաքուր հայերենով հենց դեսպանատանը հրավիրած մամուլի ասուլիսում կատակում է Հայաստանում Ամերիկայի դեսպան Հարի Գիլմորը: Հենց նա էլ տեղեկացնում է, որ Բաթումիից Երեւան է մտել 5 հազար տոննա կերոսին: Ամերիկայի, Ճապոնիայի եւ այլ երկրների կառավարությունները 18 միլիոն դոլար են հատկացրել 35 հազար տոննա կերոսին Հայաստան տեղափոխելու համար: Յուրաքանչյուր միայնակ թոշակառուի, հաշմանդամի, բազմանդամ ընտանիքներին Երեւանում շաբաթը հատկացվելու է 20 լիտր:

1998-ի այս օրը նախագահի մամուլի խոսնակ Լեւոն Զուրաբյանը լրագրողներին Ղարաբաղի առիթով ծավալված ներիշխանական հակասությունների մասին սենսացիոն կամ ամպագորգոռ հայտարարություններ չի խոստանում: Լեւոն Զուրաբյանն ընդունում է, որ Հայաստանը պատրաստ է բանակցել Մինսկի բազում թերություններով առաջարկի շուրջ, իսկ Ղարաբաղը մերժում է:

2000-ի այս օրը ՀՅԴ-ի 28-րդ ընդհանուր ժողովի երկրորդ օրը կաթողիկոս Գարեգին Երկրորդն իր ուղերձում հաստատում է Վահան Հովհաննիսյանի խոսքը, ըստ որի՝ Դաշնակցությունը հալածվել է նախորդ իշխանության օրոք: Սա առաջին ընդհանուր ժողովն է Հայաստանի Հանրապետությունում: Վարչապետ Արամ Սարգսյանն էլ է այստեղ: Հանրապետականի ղեկավարը նկատում է, որ Դաշնակցությունն իրեն լավ պահեց հոկտեմբերի 27-ից հետո :

Նույն օրը վարչապետ Արամ Սարգսյանը հայտարարում է, որ օրենքները Հայաստանում անկատար են, ըստ այդմ օրինականության դաշտում չեն գործում ոչ Դաշնակցությունը, ոչ Հանրապետականը: Վարչապետը նույնիսկ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին է սրբագրում, որն ասել էր, որ կուսակցությունները չպետք է դրսից ֆինանսավորվեն:

2001-ի այս օրը պաշտպանության նախարարը խոսում է հայ-ռուսական հարաբերությունների ապագայից: 2001-ի այս օրերին Երեւանում կրկին թափ է հավաքում ծառերի ջարդը: Բաբայան փողոցի բնակիչները չգիտեն, թե ովքեր են ջարդարարները: Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասում է՝ կոտորում ենք ըստ Թամանյանի մտահղացման, այստեղ պետք է կառուցվի Հյուսիսային ճառագայթը:

«Գրանդ սան» ընկերության բանվորները 2001-ի հունվարի 29-ին ավելի դժվարությամբ խոսում են իրենց արտադրած լամպերի եւ ավելի հաճույքով իրենց գործարանի սեփականատեր Հրանտ Վարդանյանի մասին : Այս օրը լրագրողներին այդպես էլ չի հաջողվում իմանալ, թե ինչքան է այս գործարանի արտադրած 60 դրամով վաճառվող լամպի ինքնարժեքը : Սիդնեյի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արսեն Մելիքյանը 2001-ի հունվարի 29-ի դրությամբ դեռ չի ստացել կառավարության խոստացած 10 միլիոն դրամը : Մինչդեռ մարզադահլիճում Եվրոպայի առաջնությանը պատրաստվում է 0 աստիճան ջերմության պայմաններում :

2013-ի այս օրը անհայտ անձը հարձակվում է Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա : Մինչ այդ քարոզարշավը շատ խաղաղ էր : Հարձակումը քաղաքական գործչի վրա տեղի է ունեցել հենց նրա տան մոտ: Երկու կրակոցներից մեկը վնասել է նրա աջ անրակը: Բժիշկները վստահեցնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում : Հայրիկյանի կողմնակիցների համար սա առիթ է, որ հաղթեն ընտրություններում : Հիվանդանոցում է նաեւ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետի համբավ ունեցող Վարդան Սեդրակյանը, նա այս մահափորձի հետ կապված իր կասկածներն ունի : Այս պահից Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունից է կախված՝ տեղի կունենա՞ն փետրվարի 18-ի նախագահի ընտրությունները, թե՝ ոչ: