Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada 1 (1)
A A
Սպորտ

Հայտնի է հայ օլիմպիականների ելույթների ժամանակացույցը Պեկինում

Հայատանի դահուկորդները շարունակում են պատրաստվել Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերին: Այդ մասին «Ա1+»-ի հայտնեց Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը:

 

«Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը մարզումներն անցկացնում է Ծաղկաձորում, իսկ դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Անգելինա Մուրադյանը պարապում են Աշոցքում: Հունվարի 31-ին մեկնելու ենք Պեկին: Այնտեղ կանցկացնենք պատրաստության վերջին փուլը», - ասաց ֆեդերացիայի նախագահը:

 

Հայտնի է նաև մեր դահուկորդների ելույթների ժամանակացույցը: Նրանք հանդես կգան 6 մրցաձևերում:

 

Փետրվարի 6-ին Միքայել Միքայելյանը ուժերը կչափի 30 կմ սկիաթլոնում: Հինգ օր անց նա հանդես կգա տղամարդկանց 15 կմ դասական ոճով դահուկավազքում:

 

Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը կմասնակցի կանանց սպրինտի` արագավազքի մրցումներին: Փետրվարի 10-ին նա և Անգելինա Մուրադյանը հանդես կգան 10 կմ դասական ոճով դահուկավազքում:

 

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 13-ին ուժերը կփորձի հսկա ոլորավայրէջքում, իսկ ամսի 16-ին` ոլորավայրէջքում:

 

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Թինա Կարապետյան-Սիմոն Պրոուլքս Սենեկալ պարային զույգը Պեկինում պայքարը կսկսի փետրվարի 12-ին, պարտադիր ծրագրով: Եզրափակիչ փուլ մտնելու դեպքում նրանք հանդես կգան նաև փետրվարի 14-ին նախատեսված ազատ ծրագրում: