Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի հայտարարությունը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
Այսօր՝ հունվարի 25-ին, հրապարակվել է կոռուպցիայի ընկալման 2021թ․ համաթիվը (այսուհետ՝ համաթիվ), որտեղ 180 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 58-րդ տեղում՝ 49 միավորով։ Հայաստանը 58-րդ տեղը կիսում է Հունաստանի, Հորդանանի և Նամիբիայի հետ։ Նշենք նաև, որ ըստ 2021 թվականի համաթվի՝ Հայաստանը նախորդ 2020 թվականի համեմատ որևէ առաջընթաց չի գրանցել։ Եթե դիտարկենք հարևան երկրների հետ, ապա ինչպես նախկին տարիներին, այս տարի նույնպես Վրաստանը Հայաստանից գտնվում է ավելի բարձր դիրքերում, 45 միավորով զբաղեցնում է 55-րդ տեղը։ Թուրքիան 38 միավորով գտնվում է 96-րդ հորիզոնականում, Ադրբեջանը 30 միավորով` 128-րդ հորիզոնականում, իսկ Իրանը՝ 25 միավորով 150-րդ հորիզոնականում:
Երկրներում կոռուպցիայից մաքրության բարձր ցուցանիշներով առաջին երեք տեղերը զբաղեցնում են Դանիան, Ֆինլանդիան և Նոր Զելանդիան, որոնցից յուրաքանչյուրը ստացել է 88 միավոր և հավասարապես կիսում է 1-ին հորիզոնականը։
Նաև հիշեցնենք, որ կոռուպցիայի ընկալման համաթիվը 0-ից (շատ կոռումպացված) 100 (շատ մաքուր) սանդղակով դասակարգում է 180 պետությունները և տարածքները` հիմնվելով հասարակության կողմից կոռուպցիայի մակարդակների ընկալման գնահատականների վրա։
Չնայած վերջին տարիներին հակակոռուպցիոն պայքարում գրանցած որոշակի հաջողություններին, Հայաստանի քաղաքական իշխանությունները շարունակական կերպով ամենաբարձր մակարդակով անում են հայտարարություններ, որոնք շատ հաճախ ուղեկցվում են կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականություն սկզբունքի ներկայացմամբ, Հայաստանում կոռուպցիայի ընկալման համաթիվը հասարակության մոտ դեռևս շարունակում է մնալ ցածր, և 2021 թվականի համար ստացված միավորները վկայում են այն մասին, որ լայն հասարակությունը անցած տարում չի նկատել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում էական բարեփոխումներ, իր առօրյա կյանքում չի զգացել կոռուպցիայի վերացմանն ուղղված ջանքեր կամ դրա մակարդակի նվազեցում, ինչից կարելի է եզրակացնել, որ Հայաստանում տարվող հակակոռուպցիոն պայքարը իրականացվում է զուտ բաց տեքստերի և աննշան ընթացակարգային փոփոխությունների միջոցով։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը գտնում է, որ 2021 թվականի կոռուպցիայի ընկալման համաթվի անփոփոխ ցուցանիշները պայմանավորված են հետևյալ հանգամանքներով․
- Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերը չունեն իրական անկախություն, և դրանց ղեկավար կազմերը նշանակված են քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, և ոչ թե՝ բաց և թափանցիկ, հավասար հնարավորություններ ընձեռող մրցույթների արդյունքում (տե՛ս օրինակ՝ «Ինչպե՞ս և ովքե՞ր Հայաստանում ձախողեցին հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը», «Ինչպե՞ս Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրությունն ապահովվեց շղարշային մրցույթի միջոցով»)։
- ՀՀ իշխանությունները հաշվի չեն առնում միջազգային մասնագիտացված կազմակերպությունների գնահատականները՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործիքների վերանայման ուղղությամբ (տե՛ս օրինակ ԳՐԵԿՈ-ի Հայաստանի վերաբերյալ Գնահատման չորրորդ փուլի համապատասխանության մասով 2019 թվականի դեկտեմբերի 6-ին հրապարակած միջանկյալ զեկույցը` և 2021 թվականի սեպտեմբերի 22-ին հրապարակած Հայաստանի վերաբերյալ Գնահատման չորրորդ փուլի համապատասխանության մասով հրապարակած միջանկյալ զեկույցը)։
- Հակակոռուպցիոն ռազմավարության մի շարք գործողություններ իրականացվում են քանակական դրական ցուցանիշներ ունենալու նպատակով, այնինչ որակական մակարդակում այդ գործողությունների ազդեցությունը գնահատված չէ, և դրանք պետք է դիտարկել որպես կատարված ձևականորեն (տե՛ս օրինակ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի կողմից Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թթ․ միջոցառումների ծրագրի 2019-2020 թթ․ և 2021 թվականի առաջին կիսամյակի վերաբերյալ հանրային մոնիթորինգի զեկույցները)։
- Քաղաքական իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարում հաշվի չեն առնում մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարծիքները և ներկայացված առաջարկությունները, իսկ քաղաքացիական հասարակության համայնքի հետ հարաբերություններում ցուցաբերում են խտրական մոտեցում՝ աշխատելով քաղաքական իշխանությանը լոյալ ՔՀԿ-ների հետ՝ մերժելով իրական մասնակցությունը և ստեղծելով թվացյալ պայքար իրականացնող ժողովրդավարական պետության պատրանք:
- Ըստ էության երկրում դեռևս արմատախիլ չի արվել համակարգային կոռուպցիան, որը ընդունել է այլ տեսք ու բովանդակություն՝ հիմնվելով կեղծ օրինապաշտության վրա, ինչպես նաև լայն տարածում է ստացել հովանավորչությունը, նեպոտիզմը և կոռուպցիոն այլ դրսևորումներ:
Այսպիսով, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը իր շարունակական մտահոգությունն է հայտնում երկրում իրականացվող շղարշային հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ և վերահաստատում է նախկինում բազմիցս արտահայտած իր դիրքորոշումը առ այն, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար հարկավոր է ունենալ անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ` իր բոլոր հանգույցներով, որոնք պետք է ղեկավարվեն ապաքաղաքական և բաց ու թափանցիկ, իրական մրցույթների արդյունքներով ընտրված/նշանակված անձանց կողմից, որոնց ամենօրյա աշխատանքի կարևոր մասը պետք է հանդիսանա լայն հասարակության և դրա մասնագիտացված կառույցների հետ ակտիվ, անկեղծ և կառուցողական համագործակցությունը, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթությանը, կոռուպցիայի կանխարգելմանը և պատասխանատվության միջոցների կիրառմանը ուղղված և քաղաքական ազդեցությունից զերծ իրենց մասնագիտական գործառույթների անխափան իրականացումը։
Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ