
Հնարավոր է՝ ինչ-որ փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ նախագահը չի ցանկանում ստորագրել. Ս.Դանիելյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, ըստ որի որոշել է հրաժարական ներկայացնել:
Որպես պատճառ` նախագահականը ներկայացնում է նախագահի գործիքակազմի բավարար չլինելը, ինչպես նաև իր անձի և ընտանիքի թիրախավորումը։
«Ա1+» ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:
Պարոն Դանիելյան, ինչպես գիտենք, նախագահը հրաժարական է տվել և նշել է դրա պատճառները, բայց այդ պատճառները նոր չեն՝ թե' գործիքակազմ չունենալը և թե թիրախավորված լինելը, ի՞նչ եք կարծում ՝ կարո՞ղ էին այլ պատճառներ ևս լինել։ Օրինակ՝ իշխող ուժի կողմից պարտադրանք։
Հնարավոր է այդիպիսի պատճառներ էլ լինեն, որովհետև ինքը խոսում է նաև իր ընտանիքի թիրախավորման մասին, սակայն չի ասում, թե ինչ նկատի ունի. դա մամուլի հոդվածներն են, սոցցանցերի նյութերն են, թե գուցե այլ թիրախավորման մասին է խոսքը։ Գուցե իշխանության ճյուղերից մեկն է իրեն թիրախավորում։ Երկրորդը՝ հնարավոր է, որ ինչ-որ փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ նախագահը չի ցանկանում ստորագրել: Խոսելով որ նախագահը որևէ լիազորություն չունի և իրավիճակի վրա ազդելու հնարավորություն չունի, գուցե ինքը իր հրաժարականի քայլով ինչ-որ սցենար է փորձում փոխել կամ սցենարի խանգարել, որը իշխող ուժը ցանկանում է իրականացնել, այսինքն՝ սրանք բոլորը տարբերակներ են, որոնք հնարավոր են։
Իսկ ինչպիսին կլինի հենց վարչապետի արձագանքը։ Վաղը Փաշինյանը առցանց ասուլիս է տալու:
Ինձ կարող է հետաքրքրել, թե ինչ պատճառով է նախագահը հրաժարական տվել։ Ինչ սցենարներ և պատճառներ են եղել, իսկ վարչապետի արձագանքը ինձ բացարձակապես չի հետաքրքրում։
Ինչպես կարող է այս ամենը ազդել ներքին քաղաքական դաշտի վրա։
Ներքին քաղաքական դաշտի վրա կարող է ազդել այնպես, որ նախագահի թեկնածու պետք է փնտրեն։ Գուցե շատ արագ սահմանադրություն փոխվի և թեկուզ գործող վարչապետը Ազգային ժողովով դառնա նախագահ, այսինքն կառավարման մոդելը փոխվի և լիազորությունները արագ փոխվեն։ Գուցե նաև այս հրաժարականով այլ սցենարներ է նախագահը խանգարում, որովհետև արդեն արագացնում է գործընթացը և վտանգ է ստեղծվում իշխող ուժի համար, չգիտեմ սրանք ենթադրություններ են։
Ինչ եք կարծում, իշխող ուժը վարչապետից բացի՝ ունի՞ այլ թեկնածու նախագահի պաշտոնի համար:
Ինձ թվում է իշխող ուժը որևէ խնդիր չունի։ Որևէ մեկին կարող է նշանակել նախագահ և ոչ-ոք չի կարող խանգարել և եթե տեսնում ենք, թե ինչ մարդիկ ինչ պաշտոններ են զբաղեցնում, ապա ուրիշ ինչ խնդիր կա, որ նախագահն էլ նման մի անձ չլինի։
Խոսելով նախագահի հրաժարականի մասին, սահմանադրության փոփոխության և կիսանախագահական կամ նախագահական կարգին անցնելու մասին, իշխող ուժին և մասնավորապես Նիկոլ Փաշինյանին արդյոք ձեռնտո՞ւ է, որ Հայաստանը դառնա նախագահական կամ կիսանախագահական երկիր, թե այս սուպերվարչապետական երկիրը լիովին բավարարում է Փաշինյանին։
Հարցն այն է, թե ինքը որ դերում է իրեն պատկերացնում։ Ինձ թվում է իրեն ավելի ձեռնտու կլինի նախագահի պաշտոնը զբաղեցնի և ինչ-որ մեկին վարչապետ նշանակի ու պատասխանատվությունը նրա վրա բարդի, հանի ու փոխի, այդպես խաղալու հնարավորությունը ավելի է մեծանում։