Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դավիթ Բաբայան
A A
Քաղաքականություն

Փախստականների վերադարձը պետք է լինի հայելային․ Դավիթ Բաբայան (տեսանյութ)

Ադրբեջանա-ղարաբաղյան գործընթացում կա երկու հիմնական հարց՝ կարգավիճակը և սահմանները։ Դրան գումարվում են որոշ մարդասիրական խնդիրներ՝ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը։

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը՝ բացառել Արցախի ենթակայությունը Ադրբեջանին, ինչպիսի կարգավիճակով էլ լինի։

Խոսելով խնդրի բանակցային պատմության մասին, Բաբայանը հիշեցրեց, որ Արցախը միշտ կողմ է եղել հարցի փաթեթային լուծման տարբերակին, մինչդեռ Ադրբեջանը փուլայինի կողմնակից էր։

Բաբայանն ընդգծեց՝ անգամ Արցախի պատկերացրած փուլային լուծումը միշտ տարբերվել է Ադրբեջանի փուլայինից։

Փախստականների հետվերադարձի հարցում, Բաբայանի խոսքերով, բանաձևը հետևյալն է՝ սկզբում սահմաններ, կարգավիճակ հետո նոր փախստականների հարց։ Առանց բոլոր քաղաքական հարցերը լուծելու, չի լուծվելու փախստականների հարցը՝ ընդգծում է Արցախի ԱԳՆ ղեկավարը։

Եթե փախստականը վերադառնում է Արցախ, ճանաչո՞ւմ է արդյոք ինքն այդ հանրապետությունը թե ոչ։ Այդ դեպքում որտե՞ղ է վերադառնում՝ հարցադրում է անում Բաբայանը։

Նրա պնդմամբ, փախստականների վերադարձը պետք է լինի հայելային՝ սկզբում հայերը պետք է վերադառնան Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ․․․։

Բաբայանի խոսքերով, այսօր Ադրբեջանն հայտարարում է թե  Երևանն էլ է մերը, մինչդեռ պատմագիտական քննարկումներով մեր ունեցածը հարցականի տակ ենք դնում։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, Բաբայանը հիշեցրեց Ալիևի խոսքերը, ըստ որի՝ ԵԱՀԿ-ն իր դերակատարումն ավարտել է։ Նա հույս հայտնեց, որ Մինսկի խումբը չի տրվի սադրանքներին։

Անվտանգային խնդիրների մասին Բաբայանը հետևյալ միտքն արտահայտեց․ «Հիմա մենք չունենք սահման, մենք ունենք շփման գիծ, Էսա մեր վիճակը»։