Թուրքիան հայկական սփյուռքի հետ իր հաշիվները պետք է առանձին պարզի․ Ա․Բաբաջանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Թուրքիայի հետ խոսակցության գնալու քայլն է պայմանավորելու Հայաստանի ինքնիշխան ապագան, ՀՀ պետականության ճակատագիրը։ Սա մեր պետականության գոյության համար չափազանց կարևոր քայլ է։ Եվ չափազանց կարևոր է, որ Հայաստանը կարողանա հնարավորինս նվազեցնել ՌԴ դերակատարությունն այդ գործընթացում։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդ գործընթացի նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն կա և ԱՄՆ-ի և ԵՄ կողմից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով նոր մեկնարկած՝ հայ-թուրքական բանակցություններին։
Նախկին պատգամավորը նաև հույս ունի, որ Մոսկովյան առաջին հանդիպումից հետո հաջորդ հանդիպումները տեղի կունենան Երևանում և Անկարայում, արդեն, միայն երկկողմ ձևաչափով՝ առանց որևէ ազդեցության։ Նա գտնում է, թե պետք է թույլ չտալ, որ Ռուսաստանն ազդեցություն ունենա հայ-թուրքական բանակցությունների վրա։
«Եթե ՌԴ-ն ազդեցություն ունենա, այն չի լինի հայ-թուրքական, կլինի ռուս-թուրքական բանակցություններ»,- ասաց նա։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ԱՄՆ կատարած այցին ու այդ այցից «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանի հրաժարվելուն, Ա․Բաբաջանյանն ասում է, որ ԱԱԾ նախկին ղեկավարը թող պարզաբանի, թե պատվիրակության կազմում ինչու էր նաև իր կնոջ համար վիզա վերցնում։
«Թե՞ այս այցելությունը պատրվակ էր վիզա ստանալու և հետագայում ԱՄՆ այցելելու հնարավորություն ստանալու համար»։
Ա․Բաբաջանյանը անդրադարձավ նաև 44 -օրյա պատերազմին և ասաց, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանն առնվազն գիտեր, թե ինչ ժամկետներում էին տեղի ունենալու պատերազմական գործողությունները։
«Իմ ունեցած տեղեկություններով, Ս․Սարգսյանը տարբեր շրջանակներում խոսում էր Լավրովի պլանն իրագործելու անթույլատրելիության մասին։ Եվ պատրաստ էր աջակցել գործող իշխանություններին, եթե նրանք կարողանային ինչ-որ կերպ խուսափել դրանից»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում