«Անբավարար»
Երեւանի «Բանանցը» չնայած մեկ տարի ընդմիջումից հետո ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը, սակայն ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը դժգոհ է թիմի ելույթներից:
«Թիմը քանի որ չկատարեց իր առջեւ դրված խնդիրները, ոչ առաջնությունում, ոչ էլ գավաթի խաղարկությունում, ուստի դրա ելույթն անբավարար եմ գնահատում», - «Ա1+»-ի մարզական թղթակցի հետ զրույցում ասաց Սարգիս Իսրայելյանը:
Մեր ֆուտբոլի ամենափորձառու ղեկավար այրի կարծիքով «Բանանցը» չեմպիոնի կոչումը ձեռքից բաց թողեց մի քանի գործոնների պատճառով. «Ամբողջ մրցաշրջանի ընթացքում թիմին չհաջողվեց կայուն խաղ ցուցադրել: Լավ խաղերին հաջորդում էին թույլ խաղեր: Բացի այդ երեւի շուտ հավատացինք վերջնական հաղթանակին, որի համար էլ պատժվեցինք: Մեր առաջատար հարձակվող Դուբալայի վնասվածքից հետո թիմի գրոհները կորցրին նախկին սրությունը: Ավաղ, մեզ չհաջողվեց համապատասխան փոխարինող գտնել, ինչն էլ ազդեց «Բանանցի» արդյունավետության վրա»:
Սարգիս Իսրայելյանը բացառում է մարզական բախտի գործոնը, քանի որ գտնում է, որ եթե այն լիներ, ապա իրենք «Փյունիկին» չէին պարտվի վերջին վայրկյանին, միավորներ չէին կորցնի առաջնության ետնապահ «Շիրակի» հետ խաղում: