Բացել լրահոսը Փակել լրահոսը
_T017306
A A
Քաղաքականություն

Օրենսդրական նախաձեռնություններ. կպարզեցվի ՓՄՁ գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը

Կառավարության հավանությանն է արժանացել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ: Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ -ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները, ինչպես նաև նշված փոփոխությունը ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը։ Առաջարկվող փոփոխությունն ուղղված է մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես` վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակներում տնտեսվարողների ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում վերջիններս ազատվում են պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը: Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաև  փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների  ֆինանսական և վարչարարական ծախսերի կրճատմանը:

 

Անդրադառնալով օրինագծին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը որդեգրել է արտահանմանը միտված տնտեսություն զարգացնելու քաղաքականություն: Վարչապետն այդ համատեքստում ընդգծել է, որ  խոշոր տնտեսավարողներին ևս պետք է խրախուսել: «Հիմա սա ողջունելով՝ ուրիշ հանձնարարություն եմ տալիս. նայեք էլ որտեղ կա, պարտադիր չէ փոքրին խրախուսենք, կարող է տեղ կա, խոշորին էլ ասենք՝ արտահանման տուրքից ազատում ենք, որովհետև դրա արդյունքում հարյուրավոր աշխատետեղեր կստեղծվեն և այլն»,- ասել է կառավարության ղեկավարը: Ըստ վարչապետի՝ եթե արտահանմանը միտված տնտեսություն ենք ուզում ստեղծել, ապա  ամեն ինչ պետք է անենք, որ արտահանողի առաջ քիչ խոչընդոտ լինի։

 

Հավանություն է տրվել նաև «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրից բխող մեծ թվով բնակելի և հասարակական նշանակության (կրթական՝ նախադպրոցական և դպրոցական, առողջապահական, գյուղատնտեսական և այլն) հաստատությունների նոր մասնաշենքերի կառուցման համար  առաջիկա տարիներին բազմակի օգտագործման նախագծերի  կիրառման  պահանջով: Օրինագծով  նախատեսվում է օրենքով կարգավորել  կառուցապատողների կողմից բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառման հնարավորությունը: Ըստ այդմ՝ նախատեսվում է կառուցապատողներին վերապահել իրավունք քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական մարմնի ղեկավարի հրամանով հաստատված բազմակի օգտագործման նախագծերի կիրառման և դրանցով հիմնավորված շինարարական ծրագրերի մեկնարկի, իրականացման և ֆինանսավորման համար՝ մինչև  այդ նախագծերի տեղակապման ավարտը: