Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առեւտուր` գրովի

Մարզեր
15c1650c6723e4f8874dd18308512e07

«Գյուղացին գումար չունի, որ կանխիկ առեւտուր անի, ապրանքը վերցնելուց հետո` ասում են` դե գրի, մենակ գրովի է, ուրիշ ոչ մի բան»,- հերթական հաճախորդի պարտքը պարտատետրում գրանցելով ասում է Ալվարդ Խաչատրյանը:

Սիսիանի շրջանի Աղիտու գյուղում 3 փոքրիկ առեւտրի կրպակներ են գործում, բոլոր վաճառողների մոտ էլ պարտացուցակներ, ինչպիսին տիկին Ալվարդի մոտ է, կան: Մարդիկ ապրանքը վերցնում են` թոշակի օրերին վճարելու պայմանով, որոշներն այդպես էլ չեն վճարում:

«Գյուղացին եկամուտ չունի: Չեք հավատա, բայց շատ աղքատ են ապրում, շատերը օրվա հացի կարոտ: Հույսները թոշակն է: Էդ էլ իբրեւ ավելացրին, էղածն էլ թանկացրին: Մարդ կա 5-6 երեխա ունի, գալիս են. վիզները ծռում: Մեղքդ գալիս են, ասում են` երեխան բան չի կերել, մի բան տուր, տանենք, թող ուտեն: Կամ վերմիշել տուր, կամ մակարոն: Չտաս, չի լինում, տալիս ես, չի լինու՚,- ասում է տիկին Ալվարդը:

Մոտ 1 տարի առաջ ԻՖԱԴԻ կազմակերպության աջակցությամբ հարեւան Նորավան համայնքից գազը Աղիտու է հասել: 230 տնտեսություն ունեցող համայնքում այսօր եւ ոչ մեկը գազ չունեն. միայն 4 ընտանիք է կապույտ վառելիք ունենալու համար դիմում ներկայացրել համայնքապետարան:

«ճիշտ է` գազատարը, կա բայց բավականին հեռավորության վրա է գտնվում տներից` 100-150 մ: Մարդիկ հնարավորություն չունեն ֆինանսապես օգտվելու գազից, ճիշտ է` ցանկությունը շատ մեծ է, բայց հնարավորությունները շատ փոքր են, սուղ են»,- նշում է Աղիտուի համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Լուսինե Հարությունյանը:

«Տնամերձերից հախ են ուզում, էդ գյուղացին որտեղից տա, որ էս տարի մի հատ ֆրուկտ չի եղել էս գյուղում: Մի հատ տանձ, մի հատ խնձոր նուբարի համար, որ քաղի` ասի ուտեմ, չկա»,- ավելացնում է բնակիչ Միհրան Մակարյանը:

Աղիտուն նախկինում ադրբեջանաբնակ է եղել: Համայնքում է գտնվում Հայաստանում պահպանված եզակի մեմորիալ, 7-րդ դարի կառույց կոթող-մահարձանը, որը պատկերված էր ՀՀ առաջին հազարանոց թղթադրամի վրա: Մահարձանի վրա առկա քանդակները նման են Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարի եւ Զվարթնոցի քանդակային ձեւերին:

Այս տարվա ամռանից գյուղի մի քանի երիտասարդները աշխատում են Սիսիան-Աղիտու ճանապարհաշինարարության աշխատանքներին:
Հուլիս ամսից մեկնարկել եւ մի քանի օրից կավարտվեն Սիսիան-Աղիտու ճանապարհի 4.7 կմ երկարությամբ հատվածի ասֆալտապատման աշխատանքները: 570 մլն դրամ ընդհանուր արժողությամբ շինարարական աշխատանքներն իրականացվում են Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով` Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ:

Աշխատանքները զուգահեռաբար իրականացրել են Սիսիանի «Ճանշին» եւ «Սիսիանի բուատ» ՍՊԸ-ները: Տարբեր փուլերում միջինը 100.000 դրամ աշխատավարձով աշխատանքով ապահովվել է ավելի քան 75 մարդ:

Մարդիկ այստեղ հույս ունեն բարեկարգ ճանապարհը կնպաստի, որ գյուղում ելումուտ շատ լինի: