Հավերը սատկել են
Սիսիանի շրջանի Շաղատ գյուղի բնակչուհի Արմենուհի Խաչատրյանի հավերը հավաբնի փոխարեն հիմա հարմար տեղավորված են սառնարանում: 84 թռչնից 20-ը սատկել են, մնացածը ստիպված մորթել ու պահեստավորել են:
«1 օրվա ընթացքում վարակը հարեւանի ցանկապատից այս կողմ անցավ»,- պատմում է 56-ամյա կինը: ՙՀավերի մոտ սկսվում է լուծ, հետո սատկում են: Դե մենք չենք թողել էդ աստիճանի հասնի, հենց որ տեսել ենք` լավ կեր չեն ուտում վռազ մորթել ենք՚,- ասում է Արմենուհի Խաչատրյանը:
Շաղատում տուն չկա, որ վնաս կրած չլինի: Գյուղացիները պատմում են, որ սատկելուց հետո թռչնի միսը դառնում է անպիտան: Մասնագետները խորհուրդ են տալիս` եթե հասցրել եք ժամանակին կտրել հավի վիզը, ապա միսը օգտագործեք լավ եռացնելուց հետո միայն: ՙՍատկում է, թե չէ, միսը կապտում է, սկսում է հոտ գալ, ինչպե՞ս օգտագործես՚,-նշում է 51-ամյա Ռուզան Աթանեսյանը:
Հիմա տանտիկինների ոտքի մեկը հավաբնում է. հանկարծ անկման նոր դեպք չգրանցվի, հասցնեն ժամանակին գործի դնել դանակը:
25-ամյա Սամվել Բաբայանի 50 հավերը եւս սատկել են: Ընտանիքը առաջնային անհրաժեշտության սնունդը ձվով էր փոխանակում: Սամվելը հիմա իր համեստ հաշվարկներն է կատարում: ՙ50 հատ հավից հիմա մեկը չի մնացել: 8 շունչ ենք` մանր էրեխեք սաղ: Հենց հավի հատը 3000 դրամով հաշվեմ էդ քեզ 150.000: Բա իմ 8 շունչի համար իմանո՞ւմ ես էդ ինչքան մեծ կորուստ ա: Ձուն մինչեւ էդի դարձել էր 15 դրամ, ոչ մեկը ձվին մոտ չէր էթալ, հենց էդ հիվանդությունն ընկավ, հենց հիմա ձուն 70 դրամ ա: Ես ինչքա՞ն ձու առնեմ, որ էդքան ընտանիքին պահեմ ՚,- նշում է Սամվել Բաբայանը:
Գյուղացիների հավաստմամբ` վարակը գյուղ է հասել հարեւան Բարձրավան համայնքից եւ արագորեն տարածվել:
Գյուղի անասնաբույժ Գենիկ Մկրտչյանի խոսքերով` հիվանդության ախտանիշները նման են կեղծ ժանտախտ հիվանդության ախտանիշներին: Թռչունների այս հիվանդության դեմ պատվաստումը այս տարի հանվել է պետպատվերի շրջանակից:
Անասնաբույժի կարծիքով` վարակի աղբյուրը ամռան ընթացքում համայնք ներկրված մատղաշ ճտերն են, որոնք, ըստ նրա, ժամանակին չեն պատվաստվել:
Դեղատներում եւ առհասարակ Հայաստանում թռչունների կեղծ ժանտախտ հիվանդություն պատվաստանյութ չկա, տեղեկացնում է թե Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Քաջիկ Խաչատրյանը, թե Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ու անասնաբուժական պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի պետ Էդգար Թոխսանցը:
Սատկած թռչունները գյուղացիները մոտակա գետն են լցնում` առանց մտածելու հետեւանքների մասին:
Էդգար Թոխսանցի ասելով` հետագա վարակներից զերծ մնալու համար սատկած հավերը հարկավոր է անպայման թաղել հողում:
Պատկան մարմինների ներկայացուցիչները սատկած թռչունների ստույգ թիվ այս պահին դժվարանում են ասել, սակայն չեն հերքում, որ մարզում առկա թռչունների մեծ մասը արդեն սատկել են: