Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վազգեն Մանուկյան
A A
Հասարակություն

Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Ռազմիկ Դավոյանի մահվան կապակցությամբ

Կյանքից հեռացավ մեր ժամանակների իրական մտավորականներից մեկը՝ անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը։ Հայաստանը կորցրեց նոր ժամանակների դասականին։ Այս մասին գրառում է կատարել Վազգեն Մանուկյանը։
 
Մեծանուն գործչի հետ մեր ճանապարհները հատվել են դեռևս 70-ականներին, երբ Հայաստանի ողջ մտավորական էլիտան համախմբվել էր ազգային խնդիրների ու երազանքների շուրջ։ Միասին անցել ենք 88-ի Շարժման և անկախության կերտման դժվարին ճանապարհը, և այդ ողջ ընթացքում Ռազմիկ Դավոյանն իրեն դրսևորել է իբրև հայրենիքի ու հայ ժողովրդի ճակատագրով մտահոգ, բարոյական բարձ հատկանիշներով օժտված գործիչ և քաղաքացի։
 
Մեծ է նրա դերը պոեզիայի, թարգմանության և հրապարակախոսության ոլորտում։ Դավոյանի ստեղծագործություններն արժանացել են բարձր գնահատականի ոչ միայն հայրենիքում, այլ մեր երկրի սահմաններից դուրս։ Նրա պոեզիան իր ուրույն տեղն է նվաճել հայ գրականության պատմության մեջ։
 
Ռազմիկ Դավոյանը կյանքից հեռացավ գրական հարուստ ժառանգություն և մեծ անուն վաստակած, բայց հայրենիքի ապագայի հանդեպ տագնապով ու մտահոգությամբ, ինչը հատկապես 44-օրյա պատերազմի հետո ծանր հետք թողեց նրա սրտում։
Խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր գործչի ընտանիքին, հարազատներին, գրչակից ընկերներին և նրա պոեզիայի երկրպագուներին։