Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Հասարակություն

Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

Երևանում այսօր՝ հունվարի 11-ին, մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։ 

Ռազմիկ Դավոյանը ծնվել է 1940թ. հուլիսի 3-ին, Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունն ստացել է նույն տեղում, իսկ 1949-ին ընտանիքով տեղափոխվել են Գյումրի /Լենինական/, ուր նա ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը, ձեռք բերելով բուժակի մասնագիտություն: Մեկ տարի Լենինականում աշխատելուց հետո, մեկնում է Երևան, ուր նա 1959-ին ընդունվում և 1964-ին ավարտում է Երևանի Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:

Ուսանելուն զուգընթաց, աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ, զուգահեռ` նաև «Գրական թերթի» խմբագրությունում, որպես սրբագրիչ: 1965-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970 թվականից աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում: 1975 թվականից մինչև 1990թ. եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը: Միաժամանակ` 1989թ. եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի Աղետի Գոտու Հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը, «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահ, 1991-ից Հայաստանի «Համազգայինի» վարչության նախագահ, 1994-1996թթ. Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ: 1999-2003 թթ Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական:

Առաջին բանաստեղծությունը 1957թվականին տպագրվել է Լենինականի «Բանվոր» թերթում, առաջին ժողովածուն` 1963-ին: