Բացել լրահոսը Փակել լրահոսը
41799754809edf7c00f65a43aa7efa39
A A
Պաշտոնական

Ադրբեջանցիներից վտանգ զգալու պատճառով Աղավնոյի անցակետի մոտ գտնվող խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ․ ԱՀ դատախազություն

Ադրբեջանական ավտոշարասյունը Քաշաթաղի շրջանի Աղավնոյի անցակետում տեղակայված խանութի դիմաց պարբերաբար կայանելու և  ադրբեջանցիներից ենթադրաբար վտանգ զգալու պատճառով, այսօր ժամը 13-ի սահմաններում հերթական կայանման պահին հիշյալ խանութի աշխատակցի կողմից ձեռնարկվել են պաշտպանական միջոցներ, այդ թվում ցուցադրվել է, հավանաբար, ռազմամթերք։ Այս մասին հայտնում է ԱՀ դատախազությունը։

ԱՀ ոստիկանությունն անմիջապես արձագանքել է դեպքին, առգրավվել ենթադրյալ ռազմամթերքը։ Ներկայումս ոստիկանության կողմից դեպքի առնչությամբ կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն, միջոցներ են ձեռնարկվում  տվյալ վայրում գտնվող անձանց կողմից զենք կամ զինամթերք ապօրինի պահելու այլ դեպքերը բացահայտելու և դրանք առգրավելու ուղղությամբ։

Դեպքի հետևանքով որևէ մեկի կյանքին կամ առողջությանը վնաս չի պատճառվել։ Դեպքի և դրա կապակցությամբ քրեադատավարական վարույթ նախաձեռնելու մասին  համապատասխան տեղեկությունն առաջիկայում կփոխանցվի նաև ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին։

ԱՀ իրավապահ մարմինները անընդունելի են համարում արցախա-ադրբեջանական շփման հատվածներում որևէ սադրիչ կամ հանցավոր գործողություն և պատրաստակամ են պայքարելու նման երևույթները բացառելու և կանխելու ուղղությամբ՝ Ադրբեջանի իրավապահ մարմիններից ակնկալելով նույնպիսի մոտեցում։