Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess rusastan 7.01.
A A
Սպորտ

Ամաչում եմ, որ մեր երկրում անուշադիր են վերաբերվում շախմատիստների հաղթանակներին. Կոստենյուկ

2021թ կանանց արագ շախմատի աշխարհի չեմպիոն և գավաթակիր Ալեքսանդրա Կոստենյուկը կարծում է, որ Ռուսաստանում անուշադիր վերաբերմունք են ցուցաբերում շախմատի միջազգային անհատական մրցումներում հաջողության հասած շախմատիստների և շախմատիստուհիների հանդեպ:

«Կարո՞ղ եմ մի քիչ բողոքել: Այս պահին ինձ հետաքրքրում է ցավեցնող մի հարց: Արագ շախմատի աշխարհի 17-ամյա չեմպիոն Նոդիրբեկ Աբդուսատորովին օրերս Ուզբեկստանի նախագահը հանձնել է պետական մեծ դրամական ​​մրցանակ և երկու սենյականոց բնակարանի բանալի։ 2021 թվականին ես հաղթեցի արագ շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում, աշխարհի առաջնությունում, ինչպես նաև օգնեցի Ռուսաստանի հավաքականին նվաճել առցանց օլիմպիադայի ոսկին և հաղթել աշխարհի թիմային առաջնությունում։ 

Բայց արդեն Սոչիում տարած հաղթանակից հետո վիրավորական էր, քանի որ զգում էի, որ շախմատային հանրությունից բացի երկրում քչերն էին գիտակցում այդ հաղթանակի նշանակությունը,- իր Instagram-ում գրել է անվանի շախմատիստուհին։

- Այս տարվա աշնանը շախմատի ֆեդերացիայի կողմից առաջադրվեցի Սպորտի նախարարության՝ «Տարվա լավագույն մարզուհի» կոչման մրցանակաբաշխության համար, սակայն իմ թեկնածությունը  նույնիսկ վերջնական քվեարկության չհասավ։ Օլիմպիական տարի է, ի՞նչ շախմատի մասին է խոսքը։

2008 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո ես ստացա շնորհավորական հեռագրեր նախագահից և վարչապետից, ինչպես նաև պետական ​​պարգև («Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշան): Այս անգամ՝ ոչինչ։ Հետաքրքիր է, որ Մոսկվայի կառավարությունը ինձ երբեք չի շնորհավորել հաջողության հասնելու համար: Երևում է՝ քիչ եմ հաղթել, ուստի, պետք է ավելի շատ աշխատեմ:

«Մի հարցրու, թե ինչ է արել քո երկիրը քեզ համար, հարցրու, թե ինչ ես արել դու քո երկրի համար»: Մանկության տարիներից ինձ դաստիարակել են ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի այդ խոսքերով: Չնայած դրան, այնուամենայնիվ, ամաչում եմ, որ շախմատային նման ավանդույթներ ունեցող մեր երկրում այդքան անուշադիր են վերաբերվում համաշխարհային ասպարեզներում մեր շախմատիստների անձնական հաղթանակներին։ Տխուր է, որ երկրիդ պետք չեն քո հաղթանակները: 

Լավ է, որ մրցաշարերում պարգևավճարներն ավելացել են, կարող ես հաղթել և գումար վաստակել: Մի քիչ էլ, և ես իմ շախմատի դպրոցի համար կկարողանամ տարածք գնել Մոսկվայում: Ահա և ասացի ամեն ինչ: Շարունակում ենք աշխատել» - գրել է անվանի շախմատիստուհին։

 

Հավելենք, որ Ալեքսանդրա Կոստենյուկը անցած տարվա դեկտեմբերի 28-ին նվաճել էր արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը: