Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 7-ը հունվարի․ (տեսանյութ)

1994-ի հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Սուրբ ծնունդը։ Հայաստանում այս օրն արդեն ոչ աշխատանքային է։ Սուրբծննդյան պատարագն Էջմիածնում ինչպես նախորդ 40 տարիներին մատուցում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը։ 1995-ի սուրբ ծննդյան պատարագին Հայ Առաքելական եկեղեցին կաթողիկոս չունի:

1994-ի օգոստոսին մահացել էր կաթողիկոս Վազգեն Առաջինը եւ պատարագը մատուցում էր նրա տեղապահ, Երուսաղեմի պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը։

1996-ի պատարագն արդեն մատուցում է Ամենայն Հայոց նոր կաթողիկոս Գարեգին Առաջինը։ Եկեղեցին այս օրը նշում է արդեն 1695-րդ անգամ։

1998-ի հունվարի 7-ի դրությամբ Հայաստանի բնակչության պարտքը հեռախոսացանցին կազմում է 1 միլիարդ դրամ։ Բնակչությանն արդեն առաջարկվում է պարտքերի մարման պայմանագրային ձեւը։ Շուտով կգործի նաեւ «ով վճարում է, նա էլ խոսում է» սկզբունքը։ Փողոցային հեռախոսակապի՝ տաքսաֆոնների, ժետոնների վաճառքը 1998-ի այս օրերին դարձել է սպեկուլյացիայի առիթ։ 50 դրամով ժետոն գտնելն արդեն հնարավոր չէ, դրանք վաճառվում են 70 կամ 100 դրամ։ Տաքսաֆոններն արդեն սեփականաշնորհված են, սակայն սեփականատերն ասում է, որ իրենք ժետոն չեն թանկացրել։

1998-ի հունվարի 7-ին դադարեցվել է Էստոնիայի հետ հեռախոսային կապը։ Պարզվում է նոյեմբերի 1-ից Տալինի որոշմամբ դադարել է գործել Հայաստանի հետ միակ կապուղին։ Այդ կապն ապահովվում էր Մոսկվայի միջոցով։ Նույն օրը Հանրապետության հրապարակում եղանակ են ստեղծում փահլեւանները։ Պարզվում է, այս մասնագիտությունը Երեւանի փողոցներում նախկին տարածվածությունը չունի:

Նույն օրը Երեւանում Սուրբ ծննդի առիթով անցորդներին մատուցում են Քրիստոսի մարմինն ու արյունը։ Անցորդները զարմացած են եւ ամաչում են մոտենալ։ Հետո իհարկե սովորում են անվճար հյուրասիրությանը։ Դրան օգնում են հայտնի մարդիկ։ Մոտենում եւ օգտվում են նաեւ ոչ քրիստոնյաները։

1999-ի այս օրերին Հայաստանում գրիպի համաճարակ է։ Նախարարությունը թեեւ հերքում է, վարակն էլ՝ անվանում է բռնկում։ Հիվանդանոցները սակայն գերծանրաբեռնված են, չեն հերիքում դեղամիջոցները։ Հայտնի չէ, թե հատկապես ինչ վիրուս է շրջանառվում երկրում։ Հայաստանում չկա մի ինստիտուտ, որը կարող է ասել, թե ինչպե՞ս է կոչվում նոր վարակը, որով արդեն բժշկի է դիմել 670 մարդ։ Հազարավորները պարզապես տնային պայմաններում են պայքարում։ Տուժողների մեծ մասը երեխաներ են։

2000-ի հունվարի 5-ին հոկտեմբերի 27-ի դեպքերին օժանդակելու կասկածանքով ձերբակալվում է Հայաստանի Ազգային հեռուստաընկերության փոխտնօրեն Հարություն Հարությունյանը։ 96 ժամվա ընթացքում պետք է քննարկվի նրա հանդեպ կալանք կիրառելու հարցով դատարան դիմելու հարցը։ Ձերբակալության պահին Հարություն Հարությունյանը հրաժարվում է պաշտպան ունենալու իր իրավունքից։ Հարություն Հարությունյանը ձերբակալվում է Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչության պետ Տիգրան Հակոբյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո: Ըստ Տիգրան Հակոբյանի, ամենեւին էլ էական չէ, թե որտեղ է ձերբակալվել Հարություն Հարությունյանը: Էականն այն է, որ նրան ձերբակալել են 27-ի դեպքերի կապակցությամբ: Հարություն Հարությունյանին ինքը լավ չի ճանաչում եւ նրան իր մոտ էր հրավիրել Ազգային Հեռուստատեսության ֆինանսական խնդիրներին անդրադառնալու համար: Եվ նրան իր եթերով պաշտպանելու փոխարեն Տիգրան Նաղդալյանը լավ կաներ հաշվի առնել ուրիշ բան:

2000-ի հունվարի 7-ին Ձմեռ պապն Առինջ գյուղի երեխաներին է այցելում ձիու վրա նստած։ Երեխաներն անհամբեր սպասում են նվերներին։ Այս գյուղում է ապրում գործարար Գագիկ Ծառուկյանը։ Հենց նրա կառուցած եկեղեցու դիմաց եւ նրա փողերով էլ տեղի է ունենում ամբողջ արարողությունը, մինչդեռ եկեղեցում այդ պահին սուրբծննդյան պատարագ է։

2006-ի այս օրերին մշակույթի նախարար Հովիկ Հովեյանի անունը դառնում է սկանդալի առիթ: Նախարարն, ըստ լուրերի, որդու հետ զինված հարձակվել է «Հայէլեկտրացանցեր» ընկերության Երեւանի մասնաճյուղերից մեկի աշխատակիցների վրա: Բանաստեղծ նախարարը հերքում է այս փաստը: Գործակալություններից մեկը գրել էր, որ նախարարը եւ իր որդին «Հայէլեկտրացանցեր» ընկերության մասնաճյուղի գրասենյակ էին ներխուժել այն բանից հետո, երբ Մաշտոցի 58 հասցեում գտնվող իրենց շենքը հոսանքազրկվել էր վթարի հետեւանքով: Հունվարի 5-ին Հովիկ Հովեյանը խոստովանում է այս փաստը եւ անմիջապես ներկայացնում հրաժարական:

2011-ի հունվարի 7-ին տհաճ անակնկալ էր սպասվում Մերգելյանի ինստիտուտի մոտակայքում փողոցային առեւտրով զբաղվողներին: Փողոցային առեւտուրը վերացնելու որոշում է կայացրել քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ այս մարդիկ այլեւս իրավունք չունեն զբաղվելու դրանով: Նույն օրն ահազանգ է հնչում այն մասին, որ իրիկունը ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցության գրասենյակը գողեր են մտել: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ գողությունն է այդ գրասենյակից: Այնուամենայնիվ, գրասենյակից բացակայող փաստաթղթի մասին դեռ տվյալներ չկան: Արտակ Զեյնալյանը համոզված է, որ այս ներխուժումը կապված է անձամբ իր հասարակական-քաղաքական-իրավապաշտպան գործունեության դեմ: