Բացել լրահոսը Փակել լրահոսը
2022_kazakhstan_protests_-_aqtobe_january_4_01
A A
Քաղաքականություն

ՔՀ պլատֆորմի անդամների և այլ ՀԿ-ների՝ Ղազախստանում ստեղծված տագնապալի իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը

Մենք՝ Քաղաքացիական համերաշխության պլատֆորմի ներքոստորագրյալ անդամներս ու հայտարարությանը միացած մյուս ՀԿ-ները, չափազանց մտահոգված ենք Ղազախստանում ստեղծված լարված իրավիճակով։ Արագ զարգացող իրադարձությունների լույսի ներքո կոչ ենք անում բոլոր ցուցարարներին զերծ մնալ բռնություն գործադրելուց և Ղազախստանի իշխանություններին՝ ապահովել, որ ցույցերին ի պատասխան ձեռնարկված բոլոր գործողությունները լիովին համահունչ լինեն մարդու իրավունքների միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին և միտված լինեն իրավիճակի խաղաղ դեէսկալացիային։   

Ներկայիս իրավիճակը զարգացավ այն բանից հետո, երբ Ժանաոզեն քաղաքում վառելիքի աճող գների դեմ խաղաղ ցույցերը տարածվեցին երկրի մի շարք այլ քաղաքներ՝ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, և ցուցարարները սկսեցին հնչեցնել լրացուցիչ պահանջներ։ Հունվարի 5-ին Ալմաթիում տեղի ունեցան բախումներ իրավապահ մարմինների և անվտանգության ուժերի ու ցուցարարների միջև, որոնցից մի քանիսը գրավեցին կառավարական շենքեր ու այլ հանրային սեփականություններ, այդ թվում՝ Ալմաթիի օդանավակայանը։ Հունվարի 5-ին՝ ավելի ուշ, կառավարության հրաժարականից և նախագահ Տոկաևի՝ ցուցարարների դեմ «հնարավոր ամենադաժան» միջոցներն օգտագործելու հայտարարությունից հետո Ղազախստանում հայտարարվեց համազգային արտակարգ դրություն։ 

Հաղորդվել է, որ գիշերը Ալմաթիում եղել են կրակոցներ, հրկիզումներ և կողոպուտի դեպքեր։ 

Երեկ նախագահ Տոկաևը օգնություն է խնդրել հետխորհրդային վեց պետությունների միջև ռազմական դաշինքից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)՝ պայքարելու, իր որակմամբ, «ահաբեկչական» սպառնալիքի դեմ, և հաղորդվում է, որ ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերն արդեն Ղազախստան են մեկնում։ 

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ առնվազն 300 մարդ վիրավորվել է, և մի քանի տասնյակ ոստիկաններ ու ցուցարարներ մահացել են բախումների ժամանակ։ Այս պահին ցուցարարների շրջանում վիրավոր և մահացած անձանց թիվը պարզ չէ, ինչն ուժեղացնում է անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ մտահոգությունները։ 

Ըստ իշխանությունների՝ երկրում ցույցերի ընթացքում ձերբակալվել է ավելի քան 200 անձ, թեև դիտորդները հաղորդում են, որ իրական թիվը շատ ավելի մեծ է։ 

Ըստ դիտորդների՝ ձերբակալված անձինք չունեն հասանելիություն իրավաբաններին և կան լուրջ մտահոգություններ, որ նրանց՝ պատշաճ և արդար դատաքննության իրավունքը չի երաշխավորվի։ 

Երեկվանից ի վեր երկրում համացանցի կրկնվող խափանումներ են լինում, և հաղորդվում է, որ որոշ լրագրողներ ձերբակալվել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս։ Ղազախստանում խաղաղ հավաքների ազատության իրավունքի սիստեմատիկ խախտումների փաստագրված այս մոդելը ամրապնդում է ներկայիս իրավիճակի վերաբերյալ մեր մտահոգությունները։  

Մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը։ Ողջունում ենք ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և այլ միջազգային հաստատությունների ու այլ երկրների կառավարությունների ներկայացուցիչների կողմից զսպվածության և իրավիճակի խաղաղ լուծման կոչերը, և կոչ ենք անում ցուցարարներին զերծ մնալ ապօրինի միջոցառումներից, իսկ Ղազախստանի իշխանություններին․  

- ապահովել, որ բոլոր բնակիչների հիմնարար իրավունքներն ու ազատությունները մշտապես հարգվեն, և որ իրավիճակը էսկալացիայի արդյունքում չվերածվի զինված հակամարտության; 

- ապահովել, որ շարունակվող ցույցերի հակազդումը լիովին համահունչ լինի մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, մասնավորապես, որ ուժի գործադրումից առաջ սպառվեն բոլոր ոչ բռնի միջոցները, և որ ուժի կիրառումը լինի համաչափ, վնասները հասցվեն նվազագույնի և մարդկային կյանքերը լինեն պաշտպանված; 

- հարգել բնակիչների՝ խաղաղ հավաքների, արտահայտվելու ազատության և միավորման ազատության իրավունքները, և ապահովել, որ այս իրավունքների ցանկացած սահմանափակում բավարարի մարդու իրավունքների միջազգային իրավունքի պահանջները, այդ թվում՝ նաև տարբերակելով խաղաղ և ոչ խաղաղ ցույցերի մասնակիցներին; 

- ապահովել, որ ՀԱՊԿ-ի ուժերի հետ համագործակցությունը իրականացվի բացառապես միջազգային իրավունքի շրջանակում և չհանգեցնի մարդու իրավունքների խախտումների; 

- տրամադրել վերջին մի քանի օրերի ընթացքում ցույցերի ժամանակ ձերբակալված անձանց թվի և նրանց պահման վայրի վերաբերալ ամբողջական տեղեկատվություն, և ապահովել, որ նրանք իրավական օգնության արագ հասանելիություն ունենան, և որ նրանց՝ խոշտանգումներից և վատ վերաբեմունքից զերծ մնալու, պատշաճ և արդար դատավարության իրավունքները հարգված լինեն; 

- ներկայացնել վիրավորում ստացած և սպանված ցուցարարների ամբողջական թիվը և ապահովել այս, ինչպես նաև իրավապահ մարմինների և զինված ուժերի կողմից՝ զոհերի/վիրավորների հանգեցրած՝ ուժի կիրառման դեպքերի անկախ, թափանցիկ, արագ և արդյունավետ քննություն՝ պատասխանատվության ենթարկելու չափազանց մեծ ուժ կիրառելու համար պատասխանատու բոլոր պաշտոնյաներին; 

- ապահովել, որ ցուցարարների օրինազանց գործողությունները քննելու և հետապնդելու համար ձեռնարկված բոլոր միջոցառումները լիովին համահունչ լինեն պատշաճ դատավարության պահանջներին և Ղազախստանի միջազգային պարտավորություններին; 

- ապահովել հարգանք՝ տեղեկատվության ազատության իրավունքի և հաղորդակցման տարբեր ձևերի, այդ թվում՝ համացանցի անխոչընդոտ հասանելիության իրավունքի հանդեպ; 

- զերծ մնալ իրենց մասնագիտական պարտականությունների շրջանակում միջադեպերը լուսաբանող լրագրողներին ձերբակալելուց և ապահովել լրագրողների անվտանգությունը; 

- ապահովել, որ քաղհասարակության ներկայացուցիչները կարողանան անխոչընդոտ հետևել իրավիճակին և թույլ տալ Ազգային կանխարգելման մեխանիզի ներկայացուցիչներին այցելել ձերբակալված ցուցարարներին; 

- լիարժեք համագործակցել ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի հետ՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով։ 

Հայտարարության բնօրինակը և հայտարարությանը միացած կազմակերպությունների ցանկը հասանելի է անգլերենով՝ ԱՅՍՏԵՂ 

Անգլերենից հայերեն թարգմանությունը՝ ՀՔԱՎ-ի