Բացել լրահոսը Փակել լրահոսը
270618321_1126948711402638_3807499368733679192_n
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի պարտադրանքով Հայաստանն իր իմիջին անհարիր որոշում ընդունեց. սա մեր դեմ են դնելու. Ռուբեն Մեհրաբյան

Հայաստանի վարչապետը, ով նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է, հայտարարեց,  որ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել՝ Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր` իրավիճակի կարգավորման նպատակով:

Սա հայ հասարակության և  փորձագիտական համայնքում առաջացրեց դժգոհություններ և մտավախություններ:

Շատերը հիշեցում են՝ երբ հակառակորդը Սև լճի տարածքում էր,  ՀԱՊԿ-ը մեզ համար անհասանելի էր:

Թեմայի շուրջ Ա1+-ը զրուցել է քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ:

 

Իրականում ի՞նչ վտանգներ կան այս որոշմանը մասնակից դառնալու մեջ և մանևրելու համար ի՞նչ կարող էր անել Հայաստանի վարչապետը,  որ չարեց:

- Նախևառաջ հարցը չպետք է դիտարկել Սև լճի դեպքերի համատեքստում: Նույնիսկ,  եթե ՀԱՊԿ-ը գտնվեր իր բարձրության վրա Սև լճի պարագայում, ընդունված որոշումը շատ պարզ պատճառով համարում եմ արմատապես սխալ: Ինչ տեղի է ունենում Ղազախստանում, բացառապես ներքաղաքական է: Այնտեղ Հայաստանն ուղղակի անելիք չունի և չպետք է ունենա:

Արդյո՞ք այս քայլով վտանգի տակ դրվեց Ղազախստանում ապրող մեր ազգակիցների կյանքը և սա հետագայում չի դառնալու առիթ ազգամիջյան բախումների համար. այն պատճառաբանմամբ,  թե մենք խառնվել ենք ղազախ ժողովրդի ներքաղաքական կյանքին:

-Եթե միտումնավոր հրահրումներ չլինեն, ապա դա տեղի չի ունենա: Նույն տրամաբանությամբ պետք է ռուսներն էլ տուժեն, որոնք հազար անգամ ավելի շատ են, քան հայերը: Ի վերջո, եթե վտանգ սպառնա ինչպես օրինակ Կարագանդայում էր, ապա կարելի է ինքնաթիռներ ուղարկել և մարդկանց էվակուացնել այնտեղից:

Կա կարծիք, որ թեկուզ թավշյա, բայց հեղափոխական և բողոքի զանգվածային ակցիաների ճանապարհով իշխանության եկած վարչապետի ձեռամբ այժմ Հայաստանը մասնակցելու է մեկ այլ երկրի ժողովրդավարացման գործընթացի սանձմանը:

- Եկեք չմոռանանք մի շատ կարևոր հանգամանք՝ Նազարբաևը կառավարում է Ղազախստանում դեռ այն ժամանակվանից, երբ մեր վարչապետը անչափահաս տարիքում էր: Նա շարունակում է դեֆակտո կառավարելը և  զզվեցրել է սեփական ժողովրդին: Ամբողջ դիմակայությունը սրա շուրջ է: Մնացած այլ բաները կամ ածանցվում են, կամ հետևանք են այս ամենի: Հետևապես Հայաստանի Հանրապետությունը այս որոշմամբ, Ռուսաստանի պարտադրանքով, իսկ ես դա պնդում եմ, հայտնվում է պատմության սխալ կողմում:

Այո, Ռուսաստանն է պարտադրում, որովհետև Ռուսաստանը չի ուզում, որ վաղը մյուս օրը իրեն մեղադրեն հարևան երկրում ներքին գործերին միջամտելու մեջ: ՀԱՊԿ-ն օգտագործում է որպես տանիք սեփական «թունավոր»  իմիջը պարզաջրելու համար: Այստեղ, այս «բեք վոկալում», այս էլ որերրոդ անգամ,  ինչպես Սիրիայում էր, չգիտես՝ ինչու Հայաստանը միացավ։

Ինչպե՞ս են ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի միջամտությանը նայում  ժողովրդավար երկրները:

- Շատ բացասական: Հայաստանը իր ներկայիս իմիջին անհարիր որոշում է ընդունել: Այստեղ քաղաքականության «գրոսմայստեր» լինելու կարիք չկա: Այո, սա մեր դեմ են դնելու, դեմն էլ չէ «բուռն» են դնելու: Ընդ որում, ցավալիորեն մեզ համար ամենավճռորոշ պահին: Նման բաները չեն մոռացվում:

 

Վարչապետը նշել էր, որ Ղազախստանում տեղի ունեցողը նաև արտաքին միջամտության հետևանքով է: Փորձագետների պնդմամբ այստեղ հիմնական խաղացողներ կարող են լինել թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ, և թե՛ Չինաստանն ու Թուրքիան: Իրականում ուղղորդվու՞մ են արդյոք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները:

- Երբ խոսում են արտաքին միջամտությունից, ապա պետք է ասեն. որտեղո՞վ են եկել, որտեղի՞ց են եկել և ովքե՞ր են: «Սիմոնյան Մարգո» TV-ն հայտնել է, որ կա արտաքին ինչ-որ չգիտեմ ինչ, հետո Ղազախստանի գործող նախագահն է կրկնում նույն բանը և մենք դրա հիման վրա ընդունում ենք որոշում: Դա նորմա՞լ է, դա նորմա՛լ չի: Ես այստեղ անելիք չեմ տեսնում առանց անխուսափելի և անդառնալի վնասի մեզ համար: Երբ վաղը Ղազախստանը կդառնա ազատ երկիր և այնտեղ կգրվեն պատմության գրքերում այսօրվա մասին, Հայաստանը հաստատապես դրականորեն չի ներկայացվելու:

 

Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։

Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ստանձնեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:

ՀՀ վարչապետը հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա գրեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան: