Ինչպես Հունգարիան դարձավ միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ
Աջակցիր «Ա1+»-ինՄանկավարժական և Հունգարիայի Պիտեր Պազմանի Կաթոլիկ համալսարանների միջև համագործակցությունը, որ սկիզբ էր դրվել 2016 թվականից, տվեց իր ամենացանկալի արդյունքը։ Այն այս անգամ ոչ թե կրթական, այլ մարդասիրական է․ հինգ հայ գերիները, որոնք երեկ վերադարձան հայրենիք, երկարատև բանակցությունների և կրթական ոլորտում համագործակցության արդյունք էր։
2021 թվականի հունիսին մասնավոր այցով Հայաստանում էր Հունգարիայի փոխվարչապետ, Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի դասախոս և այդ բուհի շրջանավարտ Ժոլտ Շեմյենը, որը հյուրընկալվեց նաև Մանկավարժական համալսարանում։ Պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, բուհի Գիտական խորհրդի որոշմամբ, նրան շնորհեց «Մանկավարժական համալսարան» մեդալ։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ Հունգարիայում գործող Հալածված քրիստոնյաների օգնության և հունգարական աջակցության ծրագրի շրջանակներում հայ ուսանողներին կտրամադրվի կրթաթոշակ․ այսօր արդեն Հայաստանից, Արցախից և Սփյուռքից բազմաթիվ ուսանողներ օգտվում են այդ ծրագրից։
Այցի ընթացքում հունագարական պատվիրակությանը՝ Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխավորությամբ, ընդունեց նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Հանդիպման ընթացքում Վեհափառը, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը և Պիտեր Պազմանի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ, դոկտոր Բալինտ Կովաչը Ադրբեջանում հայ գերիների վերադարձի հնարավորությունների վերաբերյալ քննարկում ունեցան՝ պարզելու հունգարական պատվիրակության հնարավոր աջակցության սահմանները։
Ու թեև Հունգարիայի հետ ՀՀ-ն հայտնի պատճառներով չունի դիվանագիտական հարաբերություններ, երկու բուհերի միջև արդյունավետ համագործակցությունն ունեցավ նաև հումանիտար նշանակություն։ Հանդիպում-քննարկումից հետո պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը հարցի վերաբերյալ դիմեց նաև նամակով, որում շեշտադրեց մարդասիրական տեսանկյունից այդ քայլի կարևորությունը՝ ակնկալելով հունգարական կողմի հնարավոր գործուն աջակցությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Մանկավարժական համալսարանի համատեղ նախաձեռնությունն ունեցավ իր պտուղները․ հինգ հայորդի Ամանորը կդիմավորի հայրենիքում, իրենց ընտանիքներում։
ՀՊՄՀ-ի Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեցան գերեվարված հինգ հայորդիների վերադարձման գործում․ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում հովանու ներքո իրականացվեց ողջ գործընթացը, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանին, Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենին և Հայագիտության ամբիոնի վարիչ Բալինտ Կովաչին։ Վերջինս, ի դեպ, անձամբ է մասնակցել այդ գործընթացին և եղել Բաքվում։ «Մանկավարժական համալսարանի, հայ եկեղեցու և Հայաստանի հետ համագործակցությունն ունեցավ մարդասիրական և անչափ կարևոր ձեռքբերում»,-նշեց հայասեր գործիչն ու հույս հայտնեց, որ այն կլինի շարունակական։ Վերջինս այս գործում կարևորեց նաև Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Աշոտ Սմբատյանի դերակատարումը։
ՀՊՄՀ Լրատվության և հանրության հետ կապերի վարչություն