Բացել լրահոսը Փակել լրահոսը
կաշառք kasharq կոռուպցիա
A A
Պաշտոնական

Հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ՊԵԿ ավագ հարկային տեսուչի կողմից տնտեսվարողից կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես, գործով ձեռք  բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ ՀՎԸՀ տարածքային բաժնի ավագ հարկային տեսուչ Տիգրան Կարապետյանը համապատասխան ՍՊ ընկերությունում ստուգայցի ժամանակ, ի թիվս գրանցված աշխատակիցների, այնտեղ նկատել է փաստացի աշխատանք կատարող անձի: Հարկային տեսուչը, սակայն, սահմանված կարգով նրա տվյալները չի ներառել ստուգման պահին փաստացի աշխատանք կատարող անձանց ցուցակում և միջոցներ չի ձեռնարկել` պարզելու նշված ընկերությունում հիշյալ աշխատակցի գրանցված լինելու հանգամանքը: Արդյունքում Տ. Կարապետյանը ընկերության սեփականատիրոջից վերջինիս որդու օժանդակությամբ ստացել է 160.000 ՀՀ դրամ կաշառք: Այնուհետև տեսուչը նրան հայտնել է, որ առաջիկա օրերի ընթացքում ևս մեկ այցելություն պետք է կատարի նշված ընկերություն` նման կերպ բացահայտելով կրկնակի այցելություն կատարելու հարկային մարմնի մտադրությունը և հնարավորություն տալով տնտեսվարողին չգրանցված աշխատակիցներ ունենալու պարագայում խախտումը թաքցնել հարկային մարմնից:

Կաշառք ստանալու համար ավագ հարկային տեսուչ Տիգրան Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական  դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`  օրինական ուժի մեջ մտած դատավճռով: