Բացել լրահոսը Փակել լրահոսը
1 (6) (1)
A A
Հարցազրույց Մշակույթ

Շատ եմ կարոտել Հայաստանը և իմ հայաստանցի բարեկամներին․ Օրբելյան

«Ա1+»-ը զրուցել է Նյու Յորքի քաղաքային օպերային թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ:

- Մաեստրո, ավարտվում է 2021 թվականը։ Անցնող տարվա ընթացքում մենք տարբեր առիթներով հանդիպել և զրուցել ենք, ինչպես Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում Ձեր գործունեության, այնպես էլ Հայաստանից դուրս Ձեր աշխատանքների մասին: Ի՞նչ կասեք՝ ամփոփելով տարին։

- Ինձ համար շատ հաճելի է Ձեզ հետ մշակույթի շուրջ ծավալած զրույցները և քանի որ արդեն ավարտին է մոտենում 2021 թվականը, փորձենք ամբողջացնել անցնող տարվա գործունեությունը։ Նախ, ինչ վերաբերում է 2021 թվականի առաջին կեսին, ապա այդ ընթացքում ես դեռևս շարունակում էի ղեկավարել Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը և չնայած համավարակով պայմանավորված  դժվարություններին, կարողացանք թատրոնի կոլեկտիվի հետ միասին բնականոն ընթացքի վերադարձնել աշխատանքը։ Շարունակեցինք խաղացանկային ներկայացումները, կազմակերպվեցին հոբելյանական համերգներ, ճեմասրահում տասնյակ համերգներ ունեցանք, որոնք կարծում եմ շատ լավ հնարավորություն էր արտիստների հեղինակային երեկոները, հոբելյանական համերգաշարերը կազմակերպելու նպատակով։ Ցավոք, շատ ծրագրեր չհասցրինք ավարտել։ Իսկ ինչ վերաբերում է տարվա երկրորդ կեսից սկսած իմ գործունեությանը, ապա Նյու Յորքի քաղաքային օպերայում ստանձնելով երաժշտական ղեկավարի և գլխավոր դիրիժորի աշխատանքը ես փորձեցի այստեղ նույնպես ընթացք տալ նոր ծրագրերի։ Հուսամ 2022 թվականը ստեղծագործական հնարավորությունների իրագործման առումով առավել նպաստավոր կլինի և կիրագործենք նոր ծրագրեր։

241491063_208046467974818_158741736714082207_n.jpg (81 KB)

 

- Մաեստրո, արդյո՞ք կշարունակեք գործունեությունը մեր հայ արտիստների հետ նույնպես։ Ի դեպ, ես հիշում եմ, որ մեր զրույցներում Դուք մշտապես կարևորել եք Հայաստանում աշխատած տարիներին Ձեր ձևավորած բարեկամական, ընկերական հարաբերությունները։ Ի վերջո, չմոռանանք նաև, որ այստեղ Ձեզ շատ սիրում են։

- Իսկապես, շատ զգացված եմ բարձր գնահատականի և ջերմ խոսքերի համար։ Իրականում ես շատ բարեկամներ ու ընկերներ ձեռք բերեցի իմ հայաստանյան գործունեության ընթացքում։ Նրանց հետ միասին իսկապես շատ մեծածավալ ծրագրեր իրագործեցինք, իսկ շատ ծրագրեր անկատար մնացին տարբեր արհեստածին պատճառներով։ Վստահ եմ, որ մեկ օր անպայման կիրագործենք։ Իսկ հայաստանյան իմ գործընկերների հետ ես մշտապես ակտիվ կապի մեջ եմ, փորձում եմ բոլոր հնարավոր տարբերակներով պահել կապս Հայաստանի և հայ գործընկերներիս հետ և հնարավորության սահմաններում աջակից լինել։ Պետք է խոստովանեմ, որ շատ եմ կարոտել Հայաստանը և իմ հայաստանցի բարեկամներին, գործընկերներին։ Վստահաբար 2022-ին առիթ կստեղծենք Հայաստանի հետ կապված ծրագրերն առավել ակտիվացնելու, նախկինում կիսատ մնացած որոշ նախագծեր կյանքի կոչելու համար։

- Մաեստրո, Ձեր շնորհիվ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը կարողացավ համալրվել երկու խմբաքանակ բալետային հանդերձանքով և անհրաժեշտ գույքով։ Աշխարհահռչակ «ՍԱՆՇԱ գրուպը» հենց Ձեզ տրամադրեց այդ գույքը, հանդերձանքը, ընդամենը վերջերս էլ թատրոնը ստացել է մեծաքանակ գույքի երկրորդ խմբաքանակը։ Այսինքն, չնայած այն հանգամանքին, որ արդեն գրեթե կես տարի է Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում այլևս չեք աշխատում,սակայն շարունակում եք աջակցել թատրոնին։

AA_2018-05-10_041.jpg (8.02 MB)

 

- «ՍԱՆՇԱ գրուպը» դեռևս երկու տարի առաջ տրամադրեց մեր թատրոնի համար այդքան անհրաժեշտ բալետային հանդերձանքը, իսկ երկու ամիս առաջ էլ երկրորդ խմբաքանակը ուղարկվեց Հայաստան։ Այս ուղղությամբ մենք «ՍԱՆՇԱ գրուպի» ղեկավար՝ իմ լավ բարեկամ Ռաուլ Դյուվալի հետ տարիներ առաջ էինք պայմանավորվել, ինչի համար անչափ շնորհակալ եմ։ Մեր բալետային թատերախմբին այդ գույքը իսկապես շատ անհրաժեշտ է։ Հուսանք հետագայում նույնպես հնարավոր կլինի աջակցել մեր բալետային թատերախմբի գործունեությանը։ Մենք Հայաստանում տաղանդաշատ բալետային թատերախումբ ունենք։ Նրանց պետք է շարունակեք աջակցել։ Մեր երկրի հպարտություններից մեկը նաև մեր այսօրվա բալետային թատերախումբն է։ Ուրախ եմ, որ ի թիվս այլ ծրագրերի մենք կարողացանք թատրոնի խաղացանկում ունենալ Կարեն  Խաչատուրյանի հանրահայտ «Չիպոլինո» բալետը։

 

- Ձեր կողմից իրականացված Բելլինիի «Պուրիտաններ» օպերայի ձայնագրությունը Opera News ամսագրի կողմից ընդգրկվեց 2021 թվականի լավագույն օպերային ձայնագրությունների շարքում։ Բացի այդ Ձեր ղեկավարությամբ Օքսանա Վոլկովայի «Սիրո թույնը» խորագրով համերգը, որն իրականացվեց Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, դարձյալ ըստ Opera News ի ընդգրկվեց տարվա լավագույն համերգների ցանկում, իսկ որո՞նք են լինելու հաջորդ տարվա ծրագրերը։

 

- Առաջիկա տարվա ծրագրերն իսկապես շատ են, սակայն թվեմ դրանցից մի քանիսը։ Հունվարին նախատեսված է համերգ և ձայնագրություն հրաշալի տենոր Արսեն Սողոմոնյանի հետ Կաունասում։ Փետրվարին նշանավոր օպերային երգչուհի Քրիստինա Օպոլայսի մասնակցությամբ նույնպես համերգ և ձայնագրություն ենք ունենալու Կաունասում, իսկ ապրիլին աշխարհահռչակ Ռենե Ֆլեմինգի հետ է համերգ նախատեսված։ Ապրիլին Կարնեգի հոլլում ունեմ համերգ ռուս նշանավոր սոպրանո Աիդա Գարիֆուլինայի հետ։ Հունվարին Նյու Յորքի օպերային թատրոնում ենք համաշխարհային պրեմիերա ունենալու՝ բեմադրվելու է Ռիկի Գորդոնի և Մայքլ Կորիի «Ֆինցի-Կոնտինի այգին» համաշխարային ճանաչում ունեցող օպերան:

 

Գալիք տարվա ընթացքում մենք նախատեսում ենք բեմադրել Վերդիի «Տրավիատա» օպերան Շառլ Կաստրոնովոյի և Եկատերինա Սյուրինայի մասնակցությամբ: Նախատեսում ենք բեմադրել նաև Դոնիցետտիի «Լյուչիա դե լամերմուր» օպերան: Ծրագրերը շատ են, անչափ շատ, հուսանք համավարակը այլևս չի խանգարի մեր ծրագրերի իրագործմանը։ 

- Պարոն Օրբելյան ի՞նչ մտորումներով եք պատրաստվում 2022-ին և ի՞նչ կցանկանայիք մեր հայրենակիցներին։

- Ցանկացած տարեվերջին մենք ամփոփում ենք անցած տարվա իրականացրածը, բացերը, ձեռքբերումները։ Հուսամ, կարողացանք չնայած բոլոր դժվարություններին գտնել առավել արդյունավետ լուծման տարբերակներ։ Ամենից կարևորը խաղաղություն եմ ցանկանում Հայրենիքիս, անսպառ համբերություն մեր հայրենակիցներին և աշխատելու, ստեղծագործելու եռանդ։ Թող վառ մնա հիշատակը մեր բոլոր քաջորդիների, ովքեր հանուն Հայրենիքի զոհաբերեցին իրենց կյանքը, խոնարհումս բոլոր հերոսածին մայրերին։ Մենք համառ աշխատանքով, ամենքս մեր բնագավառում ստեղծելով պետք է նպաստենք մեր Հայրենիքի զարգացմանն ու հզորացմանը։ Մենք շատ երազանքեր ունենք կապված Հայաստան աշխարհի հետ, որոնք անպայման միասին ենք իրագործելու։ Թող 2022 թվականը լինի բարեբեր տարի և ամենուր թևածի արվեստի շունչը։

- Շնորհակալ ենք հարցազրույցի համար,  ցանկանում ենք ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ և հույս ունենք, որ Ձեր կապը Հայաստանի հետ անխախտ կլինի։

 Զրուցեց Ռուզաննա Մկրտչյանը