Բացել լրահոսը Փակել լրահոսը
1071714
A A
Մշակույթ

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը 2022-ին նոր համերգային ծրագրերով հանդես կգա

Տոնական համերգով Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Երվանդ Վարոսյան)  ավարտեց համերգային տարին: Չնայած դժվարություններին, նվագախումբը հագեցած համերգային տարի է ունեցել: «Ի հեճուկս համավարակին ու սահմանափակումներին, նվագախումբը բավական  եռանդուն աշխատանքային տարի է ունեցել՝ ծրագրերում ունենալով ինչպես հայ, այնպես էլ եվրոպական դասականներ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց նվագախմբի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ  նվագախումբը ներառվել է աբոնեմենտային ծրագրի մեջ՝ ունենալով նաև հատուկ մշակված ծրագիր հենց դպրոցահասակ ունկնդրի համար: Դրանից ելնելով, նվագախումբը մշակել է նոր համերգային ծրագիր՝ «Սերունդների երկխոսություն», երբ պրոֆեսիոնալ երաժիշտները հարթակ են տալիս պատանի սերնդին՝ մեծ նվագախմբում ներկայանալու։

Գյումրու արվեստի եւ երաժշտական դպրոցի շնորհալի երաժիշտ-կատարողներն ինչպես  տարեմուտի եզրափակիչ համերգին, այնպես էլ մինչ այդ ելույթ  են ունեցել Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ «Ամփոփիչ համերգին ևս նվագախումբն ներառել է մենակատարներ այդ տարիքային խմբից, ինչը ոչ միայն շատ գեղեցիկ է, այլ նաև մեծ հույս է ներշնչում, որ Գյումրիում դասական արվեստը միշտ իր տեղը կունենա»,- շեշտեց Սոնա Հովհաննիսյանը:

Անդրադառնալով հաջորդ տարվա անելիքներին՝ նվագախմբի տնօրենը նշեց, որ նոր համերգային ծրագրեր, հրավիրված դիրիժորներ ու մենակատարներ ևս կլինեն: Առաջարկները շատ են:

Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը ստեղծվել է 1988 թվականի երկրաշարժից 4 տարի անց, այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ավերված քաղաքում կարելի է ստեղծել նման կառույց: Նվագախումբն ստեղծվել է Գյումրու համար դժվարին տարիներին՝ այն ժամանակ, երբ շատերը թերահավատորեն էին մոտենում հետերկրաշարժյան քաղաքում մշակույթի գոյության փաստին: Հավատացողներն ու ուժ տվողներն ավելի քիչ էին, սակայն ավելի զորեղ գտնվեցին:

Առաջին հավատացողներն ու գյումրեցուն կրկին մշակութային կյանքի հույս տվողները մաեստրո Լորիս Ճգնավորյանը, Հասմիկ Կիրակոսյանը և Ռոբերտ Մլքեյանն էին:  Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը պետական կարգավիճակ է ստացել 1993 թվականին: Տարբեր տարիներին նվագախումբը ղեկավարել են Թոմիկ Սարգսյանը, Թաթուլ Եղիազարյանը,  Սերգեյ Մացոյանը, Ռոբերտ Մլքեյանը, Սամվել Ադամյանը: Նվագախմբի հետ հանդես են եկել բազում միջազգային մրցույթների դափնեկիրներ: Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգներով հանդես է եկել Հայաստանում և երկրի սահմաններից դուրս՝ նպաստելով դասական երաժշտության տարածմանն ու պահպանմանը: