Բացել լրահոսը Փակել լրահոսը
253288715_443243750490654_7254063949740828986_n
A A
Քաղաքականություն

Հույս եմ հայտնում, որ մեր ընդիմադիր գործընկերները հետ կկանգնեն այս վտանգավոր գործելաոճից․ Հակոբ Արշակյան

«Այսօր տեղեկացանք, որ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները մերժել են Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների մասին փակ քննարկում անցկացնելու` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արված առաջարկը»,-այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Նախ ցանկանում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ նույն ընդդիմադիր պատգամավորների կողմից բազմիցս նշվել է Վարչապետի, պաշտպանության նախարարի և այլ պաշտոնյաների հետ հանդիպման անհրաժեշտությունը։ Այս նպատակով նրանց կողմից նախաձեռնվել է ԱԺ արտահերթ նիստ։
Այնուամենայնիվ, ստանալով փակ քննարկման հնարավորություն, անհասկանալի պատճառաբանությամբ մերժել են հանդիպման առաջարկը։

Պատճառաբանությունը, թե իբր բաց քննարկման անհրաժեշտություն կա` անհիմն է, հաշվի առնելով, որ ԱԺ յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ նման քննարկում, հարց֊պատասխանի ֆորմատով, տեղի է ունենում։ Նման բաց ֆորմատով սակայն, հասկանալի պատճառով, բանակցային պրոցեսի բազմաթիվ նրբություններ չեն կարող բարձրաձայնվել։

Հանդիպումից հրաժարվելու փաստը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Հայաստան» դաշինքը հրաժարվել է միջազգային տարբեր կառույցներում և բարեկամական խմբերում մաս կազմել Հայաստանը ներկայացնող պատվիրակություններին` ինքնին ապացուցում է, որ մեր ընդդիմադիր գործընկերները միտված չեն տեղեկանալու Հայաստանի առաջ կանգնած մարտահրավերներին, տեղեկանալու բանակցային նախկին և ներկա իրավիճակին և մանրամասներին, ինչպես նաև միտված չեն լծվել այդ մարտահրավերները միասնական պետական օրակարգով հաղթահարելու գործին` ինչի համար բազմահազար ընտրող քաղաքացիների կողմից գործուղվել են Ազգային Ժողով և աշխատավարձ են ստանում պետական բյուջեից։

Հույս եմ հայտնում, որ մեր ընդդիմադիր գործընկերները հետ կկանգնեն այս վտանգավոր գործելաոճից և հարցականի տակ չեն դնի արտաքին մարտահրավերները միավորված կերպով հաղթահարելու հայ ժողովրդի ցանկությունը և նպատակը»,-գրել է Արշակյանը։