Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԺԲ (2)
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ներկայիս իշխանության մասնակցությամբ հայ-թուրքական կարգավորումն ամենայն հավանականությամբ կհանգեցնի անդառնալի ծանր հետեւանքների․ ԱԺԲ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդի հայտարարությունը․

 

Արձանագրում ենք, որ հայտնի չէ, թե ինչ օրակարգով են նախատեսվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս բանակցությունները։

Միեւնույն ժամանակ փաստում ենք, որ Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող իշխանությունն անթաքույց ջատագովն է Մոսկվայի եւ Կարսի ապօրինի պայմանագրերով եւ ի զարգացումն դրանց ոգու եւ տառի կայացված ԽՍՀՄ կուսակցական ու վարչական ապօրինի ակտերով ձեւավորված Խորհրդային Հայաստանի ժառանգորդության, ինչպես նաեւ հրապարակավ ներկայացնում է մեր ազգային իրավունքներից հրաժարվելու դիրքորոշում։

Այդ պատճառով, անհրաժեշտ համարելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, հայտարարում ենք, որ անհայտ օրակարգով ու ազգավնաս հայեցակարգով առաջնորդվող ներկայիս իշխանության մասնակցությամբ հայ-թուրքական կարգավորումն ամենայն հավանականությամբ կհանգեցնի Հայաստանի եւ հայության համար անդառնալի ծանր հետեւանքների` ստեղծելով գոյութենական մարտահրավերներ։

Միեւնույն ժամանակ` աշխարհում եւ տարածաշրջանում կատարվող փոփոխություններն անխուսափելի են, ուստի հայությունը պետք է օր առաջ համախմբված կերպով ոտքի կանգնի, ստեղծի ազգային իշխանություն եւ նրա առաջնորդությամբ գալիք փոփոխություններն ու հավանական մարտահրավերները դարձնի Հայաստանի Հանրապետության վերակերտման ու ազգային իրավունքների վերատիրացման արդյունավետ ռեսուրս։ Ընտրության ժամանակ է եւ ժամանակը սուղ է։