Հայաստանում դեռևս չկա բարձր մակարդակի մարզակառույց․ Կարեն Գիլոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«2021 թվականին Հայաստանի մարզիկները տարբեր մրցաշարերում, այդ թվում հաշմանդամային մրցումներում, ընդհանուր առմամբ նվաճել են 199 մեդալ։ Դա շատ լավ արդյունք է, քանի որ հավաքական շատ թիմերում սերնդափոխություն է ընթանում և նրանցում շատ են երիտասարդ մարզիկները։ Լուրջ նվաճում է նաև այն, որ մեզ հաջողվեց Հայաստան բերել 2022թ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա եկող տարվա մայիսին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այժմ բանակցում ենք ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հետ՝ 2023 թվականին Եվրոպայի առաջնությունը մեզ մոտ անցկացնելու համար», - այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին ասեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը՝ ամփոփելով մրցաշրջան-2021-ի արդյունքները։
Խոսելով Հայաստանի սպորտի հետ կապված խնդիրների մասին, փոխնախարարն ասաց, որ հանրապետությունում դեռևս չկա մրցակցային բարձր մակարդակի գոնե մեկ մարզակառույց։
«Մարզակառույցների հետ կապված խնդիրներն այնքան շատ են, որ ըմբշամարտի ֆեդերացիան մեծ դժվարությամբ է մարզադահլիճ գտել Հայաստանի առաջնությունն անցկացնելու համար։ Այդ իսկ պատճառով 2022թ նոր ծրագիր ենք նախատեսել, ըստ որի Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում կառուցելու ենք հավաքովի խաղային համալիր մեկական մարզադահլիճ։ Միաժամանակ շինարարական մեծ ծավալի աշխատանքներ ենք սկսել։ Գյումրիում ընթանում է Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի շինաշխատանքները։ Ընթացքի մեջ է նաև Սիմոն Մարտիրոսյանի ծանրամարտի դպրոցի շինարարությունը», - ավելացրեց փոխնախարարը։
«Ա1+»-ի այն հարցին, թե ինչ վիճակում է գտնվում Արտաշատում ընթացող թեթևաթլետիկական առաջին մարզադաշտի կառուցումը, և արդյոք կան ծրագրեր նման մարզակառույցներ ստեղծել նաև Երևանում և այլ մարզերում, Կարեն Գիլոյանն ասաց․ «Արտաշատում աշխատանքների 95 տոկոսն արդեն արված է։ Մնում է հարթեցնել հիմքը և տեղադրել ծածկը։ Ինչ վերաբերում է մյուս մարզերում նման մարզադաշտեր ստեղծելուն, ապա հենց առաջինը պատրաստ լինի, կմտածենք արդեն երկրորդի, երրորդի մասին։ Առայժմ կոնկրետ պլաններ չունենք այդ հարցում»։