Ես արգելել եմ Մեղրիի երկաթգծի ջարդոնի վաճառքը, և լուրջ խնդիրներ առաջացան Քոչարյանի հետ․ Ա․ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երբ ես վարչապետ էի, Մեղրիի երկաթգիծն արդեն քանդված էր, և մետաղաջարդոնը վաճառվում էր Իրանին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով Մեղրիի երկաթգծի վերագործարկմանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ տարածաշրջանի ապաշրջափակման շրջանակներում գործարկվելու է Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթգիծը։ Մինչդեռ, Մեղրիով անցնող մոտ 40 կմ հատվածը քանդված է։
Ա․Սարգսյանն ասում է, որ այն քանդվում և Իրանին էր վաճառվում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա անվտանգության ծառայության պետ Գրիշա Սարգսյանի վերահսկողությամբ։ «Ես արգելել եմ, կանգնեցրել եմ վաճառքը, և լուրջ խնդիրներ առաջացավ գործող նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ, որովհետև անմիջապես իր վերահսկողության տակ գտնվող գեներալ էր»,- ասաց նա։
Ա․Սարգսյանը հավելում է, որ այդ ճանապարհների բացումը շատ լուրջ ներդրումներ է բերելու Հայաստան․
«Այսօր արդեն հետաքրքրված են։ Այն տարածքները, որտեղ երկաթգիծ է աշխատելու, միանգամից ներդրումային լուրջ աճ են ունենալու։ Դրսի ներդրողը Թուրքիայի 80-90 միլիոնանոց և Իրանի 80 միլիոնանոց շուկայի համար այստեղ ներդրում կանի»։
Անդրադառնալով Ադրբեջանի՝ ԵԱՏՄ դիտորդ անդամ դառնալու քննարկումներին, Ա․Սարգսյանն ասում է՝ դրա համար էլ ՌԴ-ն այդ երկրին վճարելու է ու վճարելու է տարածքներով՝ Զանգեզուրով, ճանապարհով։
Ինչ վերաբերում է արդեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին, «Հանրապետության» ղեկավարն ասում է՝ Արևմուտքը Թուրքիային բացատրեց, թե նրան ինչքանով կարող է ձեռնտու լինել, եթե Հայաստանը ստիպված դառնա ՌԴ-ի ու Բելառուսի հետ միութենական պետություն ու ՌԴ-ն այս տարածաշրջանում ամբողջությամբ տեղավորվի։
«Թուրքիան դա շատ լավ հասկացավ և դրա համար էլ քննարկումներ սկսեց։ Եվ Բոլթոնին ստեղծել են, որ Էրդողանին փոխեն։ Տարածաշրջան մտնում է Արևմուտքը և ոչ թե Թուրքիան»,- հավելեց Ա․ Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։