Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սուրեն սարգսյան
A A
Քաղաքականություն

Գագաթնաժողովին Հայաստանը պարտավոր էր օգտվել այն հանգամանքից, որ հրավիրյալների թվում բացակայում էր Ադրբեջանը, բայց չարեց․ միջազգայնագետ

Դեկտեմբերի 9-10-ը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախընտրական խոստմանը համաձայն, Վաշինգտոնն անցկացրեց «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողով» տեսակոնֆերանսը։ Գագաթնաժողովի նպատակը ժողովրդավար երկրներին համախմբելն էր։

ԱՄՆ-ն առանձնացրել էր ժողովրդավարական 110 երկիր, որոնք մասնակցեցին գագաթնաժողովին։ Նրանց թվում նաև Հայաստանն էր։

«Ա1+»-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Հայաստանի մասնակցության հրավերը բացատրում է հետևյալով․ «Առանձնացվել են այն պետությունները որոնք ժողովրդավար չեն առհասարակ, իսկ մնացածին հրավիրել են մասնակցելու։ Բնական է, այստեղ կա նաև քաղաքական և աշխարհաքաղաքական մոտեցում։ Օրինակ՝ եթե հրավիրյալների մեջ կար Իսրայելը, հրավիրվեց նաև որևէ արաբական պետություն, իսկ ժողովրդավարության ամերիկյան չափանիշներին համապատասխանող արաբական պետություն դժվար է գտնել։

Ակնհայտ է, որ այստեղ քաղաքական որոշման անհրաժեշտություն է առաջ գալիս։ Պակիստանն ու Իրաքը նույնպես հրավիրված էին, քանի որ այս պետությունները համարվում են ԱՄՆ դաշնակից»։

Սարգսյանի խոսքով, այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է հասկանալ, թե որ պետությանը ինչ նպատակով են հրավիրել։

Միջազգայնագետի գնահատմամբ՝ գագաթնաժողովը նպատակ ուներ թե՛ համախմբելու ժողովրդավար երկրներին, և թե՛ մատնացույց անելու ոչ ժողովրդավարներին։

Ըստ նրա՝ թիրախում ԱՄՆ-ի համար առաջնային նշանակություն ունեցող մրցակիցներն էին՝ ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Իրաքի և այլն։

Նշենք, որ երկու գերտերություններ Ռուսաստանը և Չինաստանը մասնակցության հրավեր չեն ստացել և Վաշինգտոնում հավատարմագրված դեսպանների մակարդակով քննադատել են համաժողովի գաղափարը՝ National Interest ամերիկյան պարբերականում հրապարակելով համատեղ հոդված։

Ինչ վերաբերում է գագաթաժողովին Փաշինյանի ելույթին, ապա այն շատերի դժգոհության առիթ դարձավ։ Ելույթի ժամանակ, ըստ էության, չխոսվեց գերիների և ադրբեջանական ագրեսիայի մասին։

Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանը պարտավոր էր օգտվել այն հանգամանքից, որ հրավիրյալների թվում բացակայում էր Ադրբեջանը։ Նրա խոսքով՝ մեր երկիրը ժողովրդավար երկրներին պետք է ներկայացներ այն իրավիճակը, որը ոչ ժողովրդավար Ադրբեջանը ստեղծել է ժողովրդավար Հայաստանի համար։

«Եթե մենք մեզ ներկայացնում ենք որպես ժողովրդավար պետություն, իսկ ԱՄՆ-ի վերաբերմունքը մեր հանդեպ կարծես թե այդպիսին է, ուրեմն պետք էր այդ առիթից օգտվել»,- ընդգծում է միջազգայնագետը։

Իսկ թե իր ելույթի ժամանակ Փաշինյանի ներկայացրած բարեփոխումները որքանով են համապատասխանում իրականությանը, Սարգսյանը թողնում է ընթերցողների դատին։ Նրա խոսքով, սակայն, աշխարհի բոլոր պետությունների ղեկավարների ելույթներն իրար նման էին։ Բոլոր էլ փորձում էին ցույց տալ, որ ժողովրդավարության մեջ ունեն ձեռքբերումներ։

Փաշինյանի ելույթում կար մի հատված, որն ամենաշատը քննարկվեց։ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանը հույս ունի, որ ժողովրդավարության ամրապնդման գործում միայնակ չէ։

Միջազգայնագետի խոսքով՝ վարչապետի այս ձևակերպման բուն նպատակն այն էր, որ դրա տակ տարբեր մեկնաբանություններ լինեն, սակայն ամերիկյան լրատվամիջոցներում, կարծես, նման մենաբանություններ չեղան։ 

Անդրադառնալով գագաթնաժողովին Թուրքիային չհրավիրելուն, Սարգսյանը նշեց՝ պատճառը Էրդողանի արտաքին քաղաքականությունն է և թուրքական կառավարման համակարգը որը մոտենում է ավտորիտարիզմի․ ԱՄՆ-ն նաև դժգոհ է թուրք-ռուսական խորացող հարաբերություններից։

«Այստեղ ակնհայտ է, որ դժգոհությունը ոչ թէ Թուրքիայի նկատմամբ է, որը ԱՄՆ-ի ընկալմամբ ռազմավարական դաշնակից է, որն այս պահին հեռացել է, բայց ինչ-որ մի պահի կվերադառնա։ Չմոռանանք նաև Բայդենի այն պնդումը, որ իրենք պետք է անպայման աշխատեն նաև թուրքական ընդդիմության հետ։ Սա նույնպես նշանակում է, որ այս ամենի նպատակը նաև հենց Էրդողանին ապտակելն է, այլ ոչ թե Թուրքիային»,-ընդգծում է Սուրեն Սարգսյանը։

Միջազգայնագետը իր գրառման մեջ խոսել էր Հայաստանի իշխանությունների հակաթուրքական գործընթացներից հրաժարվելու քայլերի մասին։ Արդյո՞ք դա հնարավոր է պայմանավորել «3+3»-ին մեր մասնակցությամբ և Հայաստանի առաջ դրված նախապայմանով, բանախոսը հերքում է։ Նա ընդգծում է՝ այդպիսի պլատֆորմները շատ են որտեղ կան և Հայաստանը և Թուրքիան։ Օրինակ՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն։ Նույն ԵԱՀԿ-ում Թուրքիան մեծ ներգրավվածություն և ազդեցություն ունի։

«Դա չի նշանակում թե մենք չպետք է հակակշռենք Թուրքիային և չպետք է հլու հլազանդ ենթարկվենք Թուրքիային և նրա արտաքին քաղաքականության գծին։ Այնպես որ, ես չեմ կարծում, որ «3+3»-ում լինելով՝ մենք չենք կարող թուրքական գործոնը զսպելու գործողություններ իրականացնել մեր երկրում կամ տարածաշրջանում»,-նշում է բանախոսը։

Սուրեն Սարգսյանը պարզաբանում է՝ առհասարակ «3+3»-ը թուրքական գաղափար չէ։ Այն 90-ականների սկզբին տարբեր փորձագետների և տարբեր պետությունների ղեկավարների կողմից առաջ է քաշվել որպես տարածաշրջանային համագործակցության ձևավորման էլեմենտ։ Սա նոր գաղափար չէ, և չի պատկանում Թուրքիային՝ ընդգծում է միջազգայնագետը։