Հայաստանի երկու շախմատիստ մասնակցում է Աբու Դաբիի մրցաշարին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստներ Տիգրան Հարությունյանը և Շանթ Շարգսյանն առայժմ անվստահ են հանդես գալիս Աբու Դաբիում անցկացվող արագ շախմատի մրցաշարում:
Արդեն կայացել է երեք տուր: Տիգրան Հարությունյանը առաջին երկու պարտիաներն ավարտել է ոչ-ոքի, իսկ երրորդում հաղթել է ուկրաինացի գրոսմայստեր Ադամ Տուկաևին: Նա 2 միավորով բաժանում է 5-10-րդ տեղերը:
Շանթ Սարգսյանը նույնպես երկու ոչ-ոքիներով է մեկնարկել մրցաշարը, սակայն երրորդ տուրում պարտվել է ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեևին, որը վերջերս հաղթող էր ճանաչվել Դուբայում կայացած նմանատիպ մրցաշարում: Մեր շախմատիստը 1 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը:
Այսօր տեղի կունենան 4-6-րդ տուրերի պարտիաները: Տիգրան Հարությունյանի չորրորդ մրցակիցը ուկրաինացի Պավել Էլյանովն է: Շանթ Սարգսյանը առաջինը կհանդիպի արգենտինացի Ալան Պիչոտի հետ:
Նշենք, որ Աբու Դաբիի մրցաշարին մասնակցում են 24 շախմատիստ, այդ թվում 21 գրոսմայստեր: Դրամական պարգև կստանան 1-6-րդ տեղերը գրաված շախմատիստները: Հաղթողը կստանա 5000 դոլար: