Զգույշ Մշակույթի պալատում
«Մոռացված ենք և Մշակույթի նախարարության և անձամբ մշակույթի նախարարի կողմից»,- ցավով նշում է Մեղրիի մշակույթի պալատի տնօրեն Սամվել Հայրապետյանը:
Մեղրի մշակույթի պալատի շենքը կառուցման օրվանից չի նորոգվել: Այստեղ մտնելիս յուրաքանչյուր քաղաքացի ոտքերի թաթերի վրա պետք է քայլի:
Անզգույշ շարժումը կամ ոչ ճիշտ տեղում ոտքը դնելը կարող է դժբախտ պատահարով վերջանալ:
Դասասենյակներում առաջին հայացքից թվում է, թե ուր որ է առաստաղը կընկնի գլխիդ: Խոնավության հոտը նույնիսկ ամռանը չի հասցնում անցնել, թեեւ Մեղրին հանրապետության ամենատաք շրջանն է:
Աշնան գալով էլ` սկսվում է Մշակույթի պալատի աշխատակիցների «գործը»:
«Ամենուր թասեր,դույլեր ու ամաններ ենք շարում,որպեսզի կարողանաք անձրևաջրերի դեմն առնել»,- ասում է Մշակույթի պալատի տնօրենը: Այստեղ վտանգավոր է զանգվածային միջոցառումներ կազմակերպելը,պատերը ճաքճքած է,մանրահատակը քանդված:
Այս շենքում են գործում նաև արվեստի դպրոցը, քաղաքային ու շրջանային գրադարանները: Արվեստի դպրոցը 100 երեխա ունի, տարեցտարի նրանց թիվը նվազում է,գործիքներ չունեն: Բացի այդ ծնողները վախենում են երեխաներին խարխլված մշակույթի պալատ պարապմունքի ուղարկել:
Տնօրենի խոսքերով` մարզային իշխանությունները խոստացել էին օգնել տանիքի նորոգման հարցում, բայց հերթական անգամ խոստումը տրվել ու չի կատարվել: