Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վլադիմիր Գասպարյան
A A
Քաղաքականություն

Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքի բռնագանձման հայցով

Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 2-ին դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այդ մասին գրում է 1lurer.am-ը՝ օգտագործելով «Դատալեքս» տեղեկատվական հարթակում հրապարակված տեղեկատվությունը։

Այս գործով անցնում են Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը՝ Սուսաննա Գասպարյանը, մայրը՝ Անժելա Գասպարյանը, որդին ու դուստրը՝ Անգելինա և Վլադիմիր Գասպարյանները, զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը։

Հայցադիմումը նախ ներկայացվել է նոյեմբերի 19-ին, ապա թերությունների պատճառով վերադարձվել, իսկ դեկտեմբերի 2-ին նորից ներկայացվել դատարան։ Հայցվորը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Տիգրան Դավթյանն է։ Հունիսին դատախազությունը Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքերի հետ կապված ուսումնասիրություն էր իրականացրել, ապա վերջիններիս հրավիրել՝ բացատրություններ ներկայացնելու։ Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Գասպարյանին պատկանող գույքի վրա կալանք է դրվել։

«Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից տեղեկանում ենք, որ մասնավորապես նախկին ոստիկանապետի զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի հետ կապված կատարողական վարույթ էր հարուցվել, ու արգելվել նրան որևէ ձևով տնօրինել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 97-րդ հասցեի գույքը, Ճամբարակ-Վարդենիս խճուղու 1-ին հասցեի հողամասը, Ծովագյուղի Երկաթգծի 5 հասցեի գույքը, Երևանի Թումանյան 35ա հասցեի ավտոտնակը, Փափազյան 118/1 շենքի 26-27-28 բնակարանները, Range rover sport SC3.0 մակնիշի ավտոմեքենան։

Վլադիմիր Գասպարյանին արգելվել էր տնօրինել Գեղարքունիքի մարզի Աղբերք համայնքի 0.2 հեկտար մակերեսով հողամասը, Երևանի Թումանյան 39 շենքի 9-րդ բնակարանը, Mercedes-Benz S450 4Matic և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։ Նախկին ոստիկանապետի դստերը արգելվել էր տնօրինել Ծաղկաձորում Օլիմպիական 12/4 հասցեում գտնվող հողամասը, իսկ որդուն՝ կրտսեր Վլադիմիր Գասպարյանին, ԴԱՀԿ-ն արգելել էր տնօրինել Երևանի Վրթանես Փափազյան 2/5 հասցեի գույքը։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուրում։