Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սեֆիլյան
A A
Քաղաքականություն

Նողկալի է տեսնել, որ անգամ նման ծանր իրավիճակում ամեն մեկն իր ճղճիմ շահն է հետապնդում․ Սեֆիլյան

Ազգային-ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանն իր ֆսյեբուքյան էջում գրել է․

«Պատերազմը չի դադարել։ Բացի հաճախակի կրկնվող ռազմական դրվագներից, մշտապես ենթարկվում ենք տեղեկութային և հոգեբանական գրոհների։ Նպատակը պարզ է` հնարավորինս քայքայել ու թուլացնել մեզ, որպեսզի կարողանան առանց դիմադրության կլանել նաև այն ամենը, որ դեռևս կենսունակ է մնացել։

Եվ, փոխանակ ուշքի գալու ու կասեցնելու այս աղետալի ընթացքը, մենք` որպես ժողովուրդ և հասարակություն, կուրորեն ենթարկվում ու մասնակցում ենք դրան։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերվում է ՏԻՄ ընտրություններին, որոնք շատ արդյունավետ գործիք են դարձել մեզ պառակտելու և զբաղեցնելու առումով։

Նողկալի է տեսնել, որ անգամ նման ծանր իրավիճակում ամեն մեկն իր ճղճիմ շահն է հետապնդում։ Գործող ռեժիմը, օգտագործելով նաև համայնքների խոշորացումը, ձգտում է ՏԻՄ մակարդակում առավելագույնս վերարտադրվել, իսկ մնացածը նրա նկատմամբ ռևանշի հող են պատրաստում կամ էլ ինքնադրսևորման առիթ են գտել իրենց համար։

Մինչդեռ մեր գլխին կախված վտանգը պահանջում է ոչ թե արհեստական ներքին թշնամանքով լցնել առանց այդ էլ քայքայված մեր համայնքները, այլ կասեցնել ՏԻՄ ընտրությունները և զբաղվել անվտանգային-պաշտպանական խնդիրներով, ինչի համար շատ կարևոր է համայնքների ներքին համերաշխությունը։

Վերջապես պետք է հասկանանք, որ կառավարումը փոխվում է վերևից։ Այդ պատճառով մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է հեռացնել Փաշինյանի ռեժիմին և ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն, որն արդեն ժողովրդի վրա հենվելով կլուծի մնացյալ խնդիրները։ Հակառակ պարագայում, եղածն էլ լուծարելու ներկայիս ընթացքով ստեղծվելու է ընդամենը ձևական կառավարման համակարգ այս կամ այն կայսրության ձեռքի տակ` կարճ ժամանակում պետության վերացման հեռանկարով։

Անելիքը պարզ է և հստակ` չմասնակցել մեր դեմ վարվող պատերազմին և միանալ Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնած պայքարին` նպատակ ունենալով հեռացնել ռեժիմին և ստեղծել ժամանակավոր անցումային կառավարություն։ Առաջիկա հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 15-ին, Ազատության հրապարակում։ Սպասո՛ւմ ենք»։