Բացել լրահոսը Փակել լրահոսը
ընտրություններ
A A
Քաղաքականություն

Մի քանի համայնքներում ՔՊ-ն չի հաղթել․ նախնական տվյալներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախնական տվյալներ է հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 5-ին հանրապետության 36  համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Աբովյան համայնքում առաջատարը ԲՀԿ-ն է, որը ստացել է 5231 քվե։ Իշխող ՔՊ-ի օգտին Աբովյանում քվեարկել է 4279 ընտրող, որին հաջորդում է «Հանրապետություն»-ը՝ 1124 ձայնով։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 2312 ընտրող։ Քվեների թվով երկրորդը «Էջմիածին» դաշինքն է, որի օգտին քվեարկել է 1394 ընտրող։

Լոռու մարզի Վանաձոր համայնքում առաջատարը «Մամիկոն Ասլանյան» դաշինքն է՝ 3332 ձայնով։ ՔՊ-ն այստեղ երկրորդն է՝ 2251 ձայնով։

Իսկ ահա Կոտայքի մարզի Հրազդան համայնքում անհամեմատ շատ են ՔՊ-ի համակիրները։ Նախնական տվյալներով, իշխող կուսակցությունը վստահ հաղթանակ է տանում 9936 քվեով։ ՀՅԴ-ն այստեղ ստացել է 1117 ձայն, ԼՀԿ-ն՝ 455, իսկ «Ապրելու երկիր»-ը՝ 710 ձայն։

Դրա փոխարեն Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ՔՊ-ն երկրորդն է։ Ըստ նախնական տվյալների՝ Գավառում հաղթում է «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը, որը ստացել է 3615 ձայն։ ՔՊ-ն այստեղ ունի 2164, իսկ «Մեր համայնք» դաշինքը՝ 490 ձայն։

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում մեծ առավելությամբ առաջատարը իշխող ՔՊ-ն է, որի օգտին քվեարկել է 5504 ընտրող։ Աշտարակում ՀՅԴ-ն ստացել է 541, «Հայրենիք»-ը՝ 484 ձայն։

Մինչդեռ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում ՔՊ-ն դարձյալ երկրորդն է։ Այստեղ հաղթել է «Կարեն Եղիազարյան» դաշինքը՝ 1574 քվեով, իսկ ՔՊ-ն ստացել է 1474 ձայն։

Նախնական տվյալներով Արարատի մարզի Վեդի համայնքում առաջատարը «Իմ հզոր համայնք» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 2383 ընտրող։ Իշխող ՔՊ-ն ստացել է 2270 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 596 ձայն։

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում առաջարտը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 1230 ընտրող։ «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների» դաշինքը ստացել է 1148 ձայն, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 689 ձայն։

Հիշեցնենք, որ նախնական տվյալներով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը 36 համայնքներից հաղթել է 24-ում։