Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՀՀ-ն Հաագայում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախյան պատերազմի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառման խնդրին

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2-ը Հաագայում տեղի է ունեցել Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող պետությունների 26-րդ համաժողովը, որին մասնակցող Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Համաժողովի ընթացքում քննարկվել են Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի իրականացման ընթացքը, առկա մարտահրավերները և առաջիկա քայլերը։ Կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում վերանշանակվել է Ֆերնանդո Արիասը։

Հայկական պատվիրակության ղեկավարը՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահող երկրի ներկայացուցիչ, համաժողովի ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների անունից հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որն անդրադառնում է զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի կիրառման անընդունելիությանը, կազմակերպության տեխնիկական ուղղվածության պահպանման և վերջինիս չքաղաքականացման կարևորությանը։

ՀԱՊԿ անդամ երկրներն ընդգծել են զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ Կոնվենցիային անդամակցող երկրների հայտերին արագ արձագանքելու հարցում տեխնիկական քարտուղարության օբյեկտիվության և անաչառության պահպանման կարևորությունը։

Համաժողովին տարածվել է Հայաստանի ազգային հայտարարությունը, որում հայկական կողմն անդրադարձել է 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառմանը՝ ափսոսանք հայտնելով առ այն, որ Տեխնիկական քարտուղարությունը ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն չի գործուղել Արցախ՝ քիմիական նյութ պարունակող զենքի կիրառման փաստը քննելու նպատակով: