Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ
A A
Պաշտոնական

Կհստակեցվեն ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի՝ եվրոպական չափանիշների ներդրման և կանխարգելիչ լիազորության շրջանակները

Կառավարությունը հավանություն է տվել  «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության  պաշտոններ զբաղեցնող  անձանց  վարձատրության մասին»  և հարակից մի շարք փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը կնպաստի արդեն իսկ առկա օրենսդրական կարգավորումների բարելավմանն ու հստակեցմանը, ՀՀ միջազգային պարտավորությունների անշեղ կատարմանը և միջազգային հարթակում ՀՀ վարկանիշի բարձրացմանը: Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը միտված է ինչպես օրենքի վերնագիրը, այնպես էլ դրա կարգավորման առարկան համապատասխանեցնել ներկա պահին Ներկայացուցչի կողմից փաստացի իրականացվող գործունեության հետ՝ դրանում ընդգրկելով նաև միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում, հաշտարարության գործընթացում ներկայացուցչության լիազորությունը:         

Ներկայացուցչի կողմից իրականացվող լիազորությունների մեջ նախատեսվում է ընդգրկել նաև Արդարադատության միջազգային դատարանում ՀՀ շահերի ներկայացումը՝ Հայաստանի Հանրապետությունը հետայսու պատշաճ ներկայացվածություն կապահովի նաև միջազգային այդ ատյանում: Ներկայացուցչի եվրոպական չափանիշների ներդրման լիազորության առավել հստակեցումն ու փոքր-ինչ ընդարձակումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ համակարգել առանձին խնդիրների վերաբերյալ հեղինակավոր միջազգային մարմինների ինչպես ընդհանուր, այնպես էլ ՀՀ-ի վերաբերյալ արտահայտած մոտեցումները, կնպաստի, դրանք Եվրոպական դատարանի մոտեցումներին համակցելով, համալիր վերլուծությունների կազմմանը և միջազգային չափանիշների ՀՀ օրենսդրության մեջ լավագույնս ներդրմանը՝ հաշվի առնելով նաև ՀՀ իրավական համակարգի առանձնահատկությունները: