Բացել լրահոսը Փակել լրահոսը
էրդողան
A A
Քաղաքականություն

Էրդողանի հարցազրույցից հետո թուրքական լիրան արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել

Թուրքական լիրայի արժեզրկման վերաբերյալ հեռուստաեթերում նախագահ Ռեջեփ Էրդողանի մեկնաբանություններից հետո լիրայի արժեզրկման հերթական ռեկորդն է գրանցվել:  Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Նոյեմբերի 30-ին ուղիղ եթերում Էրդողանը, մեկնաբանելով ազգային արժույթի շարունակական արժեզրկումը, կրկին ասել էր, որ իր կառավարությունը վարում է տոկոսադրույքի նվազեցման քաղաքականություն: Ըստ Թուրքիայի նախագահի՝ իրենք տնտեսության նոր մոդել են որդեգրել, որի շրջանակներում նվազեցնում են վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ դրանով աջակցելով տեղական արտադրողին ու խթանելով արտահանումը:

Էրդողանի այս մեկնաբանություններից հետո թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի նկատմամբ 13.30-ից հասել է 13.96-ի, գրանցելով հերթական պատմական հակառեկորդը: Այս պահին, սակայն, փոխարժեքը որոշակիորեն վերականգնվել է՝ կազմելով 1 դոլարի դիմաց 13.45 թուրքական լիրա: 

Նշենք, որ ըստ Reuters-ի՝ լիրան այս տարի արժեզրկվել է շուրջ 40 տոկոսով, իսկ միայն նախորդ շաբաթվանից ի վեր՝ շուրջ 20 տոկոսով։

Վերջին շարունակական  արժեզրկումը սկսվեց այն բանից հետո, երբ թուրքական կենտրոնական բանկը նոյեմբերի 18-ին 16 տոկոսից նվազեցրեց տոկոսադրույքը մինչև 15 տոկոս, ինչից հետո նախագահ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հանդես է եկել տոկոսադրույքի հետագա նվազման օգտին: