Բացել լրահոսը Փակել լրահոսը
15AD5E2D-3153-4768-B42C-AC3215A9E481_cx0_cy2_cw0_w1023_r1_s
A A
Հասարակություն

Ինչ է պատմում Omicron շտամի մասին այն բացահայտած հարավաֆրիկացի բժիշկը

Ամերիկայի Ձայն

Հարավաֆրիկացի բժիշկը, ով առաջիններից է հայտնաբերել հիվանդների շրջանում կորոնավիրուսի նոր տարբերակը, կիրակի օրն ասել է, որ Omicron տարբերակի ախտանիշներն առայժմ մեղմ են և կարող են բուժվել տնային պայմաններում

Մասնավոր պրակտիկայով զբաղվող բժիշկ և Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիայի նախագահ Անջելիկ Կոետզին Reuters-ին տված հարցազրույցում ասում է, որ նոյեմբերի 18-ին նա նկատել էր յոթ հիվանդների, ովքեր ունեին ախտանիշներ, որոնք տարբերվում էին ներկայումս տարածված Delta շտամից, թեև դրանք «թեթև» էին:

Նոյեմբերի 25-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված Omicron անունը կրող շտամը հաստատվել է նաև Հարավաֆրիկյան Հանրապետության վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի կողմից՝ հենվելով լաբորատոր հետազոտությունների տվյալների վրա:

Կոետզին ասում է, որ նոյեմբերի 18-ին իր կլինիկա է այցելել մի հիվանդ, ով երկու օր շարունակ բողոքել է «չափազանց հոգնածության», մարմնի ցավերի և գլխացավի պատճառով: Նույն օրը մի շարք այլ հիվանդներ ևս ունեցել են նմանատիպ ախտանիշներ, որը կասկած է առաջացրել բժիշկների մոտ: Այդ ժամանակվանից օրական երկու-երեք հիվանդ է այցելել կլինիկա նմանատիպ գանգատներով:

Կոետզին ասում է, որ նա ահազանգել է Հարավաֆրիկյան Հանրապետության վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտ նույն օրը, երբ ստացել է կլինիկական հետազոտության արդյունքները: Ըստ նրա՝ ի տարբերություն Delta-ի, այս նոր շտամի պարագայում հիվանդների մոտ չի արձանագրվել մինչ այժմ հոտի ու համի կորուստ կամ թթվածնի մակարդակի անկում: Նա կոչ է անում չմատնվել խուճապի՝ հաշվի առնելով հիվանդության ավելի մեղմ ընթացքը: Առայժմ մենք արձանագրել ենք միայն վարակներ, բայց ոչ ծանր դեպքեր, ասում է նա՝ չբացառելով, սակայն, որ իրավիճակը կարող է արագ փոխվել:

Դեռսև պարզ չէ ըստ բժիշկների, թե որքանով են գործող պատվաստանյութերն ազդում Omicron շտամի վրա, քանի որ ախտանիշներով հիվանդների գրեթե 50 տոկոսը պատվաստված չեն եղել: Ըստ Կոետզիի՝ դեռևս վաղ է այս առումով տալ որևէ գնահատական:

Հարավային Աֆրիկայից եկած այս նոր շտամի մասին տեղեկությունը ստիպել է մի շարք երկրների, ներառյալ Միացյալ Նահանգները, եվրոպական և ասիական մի շարք երկրներ, ուրբաթ օրվանից արգելափակել օդային կապը Հարավային Աֆրիկայի հետ: Ճանապարհորդային այս արգելքի կիրառումը խստորեն դատապարտել են Հարավային Աֆրիկայի իշխանությունները: