Բացել լրահոսը Փակել լրահոսը
e29d077d7eec74e26a94216ffc10c836
A A
Հասարակություն

Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին

Թալանել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության առողջարանային համալիրի տնօրենին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan com-ը։

Կայքը գրում է, որ երեկ՝ նոյեմբերի 27-ին, ոստիկանության Կապանի բաժին է դիմել Երևանի բնակիչ, 60-ամյա Սամվել Պարոնիկյանը` ասելով, որ իրեն թալանել են։

Նա հայտնել է, որ նոյեմբերի 13-ից մինչև նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության առողջարանային համալիրում անհայտ անձը կամ անձինք իր պայուսակից գողացել են երկաթյա չհրկիզվող պահարանի բանալին:

Ահազանգով մեկնել է ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Ս. Պարոնիկյանը ոստիկաններին հայտնել է, որ չհրկիզվող պահարանը եղել է հյուրանոցային համալիրի 402 սենյակում, որտեղ էլ, բացելով պահարանը, այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա շղթա:

Կայքի տեղեկություններով՝ Ս. Պարոնիկյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի առողջարանային համալիրում՝ որպես տնօրեն, իսկ չհրկիզվող պահարանից էլ հափշտակել են մոտ 2մլն դրամ:

Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնում հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն: