Վերջին վայրկյանին
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը», բարձրագույն խմբի 26-րդ տուրում սեփական հարկի տակ հաղթելով «Բանանցին», շրջանցեց հենց իր անմիջական մրցակցին եւ գլխավորեց աղյուսակը:
Տուրի ամենակենտրոնական խաղը, ինչպես եւ սպասվում է, անցավ լարված պայքարում: Սկզբում գոլային լավ պահեր ունեցան հյուրերը, սակայն այդպես էլ չկարողացան իրացնել դրանք: Փյունիկցիները միայն երկրորդ խաղակեսում լրջորեն սպառնացին «Բանանցի» դարպասին, սակայն Արտակ Եդիգարյանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին:
Թվում էր, որ խաղի հաշիվն այդպես էլ անփոփոխ կմնա, սակայն երբ հանդիպման ավարտին մնում էր հաշված վայրկյաններ, դաշտի տերերը արագ գրոհ կազմակերպեցին, Կառլեն Մկրտչյանը միայնակ ճեղքեց «Բանանցի» պաշտպանական գիծը եւ մոտիկից գրավեց դարպասը` 1:0: Քիչ անց հանդիպման մրցավարը ազդարարեց խաղի ավարտը:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» վաստակեց 59 միավոր եւ ընդամենը մեկով առաջ անցավ առաջնությունը երկար ժամանակ գլխավորած «Բանանցից»:
Խաղից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ասաց, որ լարվածության պատճառով թիմի խաղում բացակայում էր թեթեւությունը: «Մեզ անպայման հաղթանակ էր պետք այս խաղում, այդ իսկ պատճառով լարվածություն էր զգացվում ֆուտբոլիստների խաղում: Լավ է, որ վերջում կարողացանք հնարավորություն ստեղծել եւ գոլ խփել»:
«Ցավալի է, որ անհաջողության մատնվեցինք ամենակարեւոր խաղում, - մամուլի ասուլիսին նշեց «Բանանցի» մակեդոնացի գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանոսկին, - Խաղի վերջում մեր ֆուտբոլիստները անհամբեր սպասում էին մրցավարի եզրափակիչ սուլիչին: Հենց դա էլ չար կատակ խաղաց մեր հետ. տղաները թուլացրին զգոնությունը, իսկ մրցակիցն անմիջապես օգտագործեց այդ պահը: Սակայն դեռ երկու տուր կա, ուստի շարունակելու ենք պայքարը չեմպիոնության համար»:
Մրցաշարային աղյուսակ
Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 26 59
2. Բանանց 26 58
3. Ուլիս 26 51
4. Միկա 26 46
5. Իմպուլս 26 34
6. Գանձասար 26 24
7. Կիլիկիա 26 15
8. Շիրակ 26 9