Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը 1:4 հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը 1:4 խոշոր հաշվով պարտություն կրեց 2022թ աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրի Գերմանիայի հետ խաղում:

Երևանում կայացած հանդիպման հաշիվը բացեցին գերմանացիները` մեր թիմի պասիվ պաշտպանվելու արդյունքում: Երկրորդ գոլը հյուրերը խփեցին VAR համակարգի օգնությամբ, երբ գլխավոր մրցավարը տեսագրության միջոցով նշանակեց 11մ հարված: Երրորդ գնդակը Գերմանիայի հավաքականը խփեց մեր դարպասապահի անվստահ խաղի արդյունքում: Չորրորդ գոլը գերմանացիները հեղինակեցին արդեն մեր ֆուտբոլիստների կատարած հորիզոնական սխալ փոխանցման և արագ հակագրոհի արդյունքում: Հայաստանի հավաքականը պատասխան միակ գնդակը խփեց 11մ հարվածով:

Ընդհանուր առմամբ խաղը շատ անհետաքրքիր ստացվեց, քանի որ Գերմանիայի հավաքականը չխաղաց իր ողջ ուժով, իսկ Հայաստանի ընտրանին ընտրել էր սպասողական մարտավարություն և գործում էր երկրորդ համարով:

Այդպիսով, Հայաստանի ընտրանին երրորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում և վաստակած 12 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը: Գերմանիայի հավաքականը 27 միավորով զբաղեցրեց առաջին տեղը և նվաճեց աշխարհի առաջնության միակ ուղեգիրը խմբում: Անցումային խաղերին կմասնակցի Հյուսիսային Մակեդոնիան, որը սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց Իսլանդիային և մեկ միավորով առաջ անցավ Ռումինիայից: