Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան 3
A A
Քաղաքականություն

Կապանում երեխաներին դպրոց կտանեն ավտոբուսներով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին հայտարարեց, թե նոյեմբերի 4-ին որոշում է ստորագրել Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների հասնաելիության ապահովման ծրագիրը հաստատելու մասին:

 

Վերջինս կարևորեց կրթական նոր համակարգի ներդրումը, և նշեց, որ այդ նախագիծը մեկնարկելու են Կապանից։

«Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքից սկսում ենք իրականացնել կրթական ծրագիր, որի համար 9 մլրդ դրամի ներդրում ենք իրականացնելու»,-ասաց վարչապետը։

«Շատ հետաքրքիր հետազոտություններ են արված ու այս հետազոտությունների վրա է հիմնված մեր աշխատանքը: Այսօր Հայաստանում գոյություն ունեցող ենթակառուցվածքներով կրթական համակարգի միջով անցնելով՝ ՀՀ քաղաքացին կարող է բացահայտել իր պոտենցիալի ընդամենը 57 տոկոսը, այսինքն՝ մենք գնահատել ենք մեր կրթական այսօրվա ենթակառուցվածքը ու արձանագրել, որ մարդը մեր այսօրվա առաջարկած կրթական ծառայություններից դեռ պետք է լիարժեք հնարավորությունից օգտվի ու կարող է բացահայտել իր պոտենցիալի 57 տոկոսը», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե տարրական դպրոցի ավարտին աշակերտների շուրջ 35 տոկոսը չի կարողանում կարդալ ու հասկանալ պարզ տեքստը:

ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանն էլ նշեց՝ կրթական հաստատությունների բարելավման ծրագրով  առաջարկվել է դպրոցների բարեփոխումներ իրականացնել Կապան խոշարացված համայնքում, որի կազմում ներառվել են Կապան քաղաքն ու հարակից 31 գյուղերը։

«6 գյուղերում պետք է պահպանել եղած դպրոցները, դրանցում ապահովել նաև մասնագիտական կրթությունը` մինչև 12-րդ դասարան, նաև կառուցել նախակրթարաններ։ Իսկ մնացած 25 գյուղերում առաջարկվել է ստեղծել 7 հանգույցներ, որտեղ տարբեր դպրոցների երեխաներ կմիավորվեն ու որակյալ կրթությամբ կապահովվեն։ Այս 7 հանգույցների գործունեությունն ապահովելու համար առաջարկվում է կառուցել 8 ճանապարհ ։ Իհարկե, ծրագրում ներառված են նաև որակյալ տրանսպորտային միջոցները»:

Նիկոլ Փաշինյանն էլ կարևորեց,  որ նախակրթարանները հնարավորինս մոտ լինեն դպրոցներին, որպեսզի օգտվեն ընդհանուր տրանսպորտային միջոցներից: «Ամեն օր առավոտյան երեխաներին այդ տրանսպորտային միջոցները գյուղերից հավաքելու են հանգուցային կրթահամալիրում` պետության հաշվին, և երեկոյան հետ են վերադարձնելու իրենց տները»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ ճանապարհները վերանորոգվելու ու համապատասխանեցվելու են ամենաբարձր չափանիշներին: