Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկառավարելի՞ հավաքական

Սպորտ
c68c4030e1e137c2c8ac731786f870a9

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի ֆուտբոլի միության պաշտոնական կայքէջը, Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստ Իգոր Դենիսովը խստորեն կպատժվի երկրի առաջնության «Սպարտակ» (Մոսկվա) - «Զենիթ» խաղից հետո անկարգություններ հրահրելու համար:

Ինչպես հայտարարել է ՌՖՄ-ի էթիկայի կոմիտեի նախագահ Ալու Ալխանովը, քանի որ երիտասարդ ֆուտբոլիստը ազգային թիմի թեկնածու է, ուստի նրան ավելի խիստ պատժամիջոց է սպասվում:

Նշենք, որ վերը նշված խաղի ավարտից հետո, որը ավարտվել էր «Զենիթի» պարտությամբ (0:1),
Իգոր Դենիսովը նախ գնդակը շպրտել է սպարտակցիները պահեստային նստարանի ուղղությամբ, ապա լեզվակռվի բռնվել մրցակից թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինի հետ:

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, բոլորից շատ տուժել է «Զենիթի» մարզիչ Իգոր Սիմուտենկովը, որը կռվարարներին բաժանելիս ուժեղ հարված է ստացել դեմքին: Ըստ որոշ տվյալների նրան թիկունքից հարվածել է «Սպարտակի» բրազիլացի ֆիզիոթերապեւտը:

Ի դեպ, նախկին սպարտակցի, անվանի ֆուտբոլիստ Եվգենի Լովչեւը, մեկնաբանելով այս իրադարձությունները, նշել է, որ Ռուսաստանի հավաքականի մի քանի խաղացողներ անկառավարելի են: Նա, մասնավորապես, տվել է Արշավինի, Անյուկովի, Բիստրովի եւ Դենիսովի անունները:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը մեր ազգային թիմի առաջիկա մրցակիցն է Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլում: