Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հոկտեմբերի 27-ի մասին խոսում է արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը (տեսանյութ)

1991-ի նոյեմբերի 9-ը 5-րդ օրն է, որ Ադրբեջանից Հայաստան գազ չի մտնում: Հընթացս այս օրերին Ադրբեջանը ռմբակոծում է նաեւ Հայաստանի հյուսիսարեւելյան սահմանի գյուղերը: Ադրբեջանական կողմը հակադարձում է, որ հենց Հայաստանն է անջատել իր գազամատակարարումը:

Քաղաքապետ Վանո Սիրադեղյանի 1997-ի այս օրվա որոշմամբ` Երիտասարդական մետրոյի տարածքը մաքրվում է կրպակներից: Նախապես կրպակատերերը տեղեկացվել էին, որ իրենց կրպակները հաջորդ օրն ապամոնտաժվելու են, մինչդեռ, ըստ կրպակատերերի, իրենք տեղավճարներն արել են մինչեւ տարվա վերջ:

1997-ի այս օրը Գիտությունների Ազգային ակադեմիայում քննարկում են նախագահ Տեր-Պետրոսյանի մի քանի օր առաջ տպագրված «Խաղաղությու՞ն, թե պատերազմ. լրջանալու պահը» հոդվածը։ Նախագահն ինքն էր նշել, որ արցախյան հակամարտության լուծման իր տեսակետների շուրջ հրավիրում է հրապարակային բանավեճի։ Արթուր Բաղդասարյանն աշխարհից պահանջում է լսել իր կարծիքը:

1998-ի նոյեմբերի 9-ին էներգետիկ հանձնաժողովի միաձայն որոշմամբ հաջորդ տարվա հունվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կթանկանա 13 տոկոսով եւ կդառնա 25 դրամ։ Մենք մեր գործն ենք անում,-ասում են էներգետիկները,-ժողովրդի մասին թող կառավարությունը մտածի։ Այդ պահի դրությամբ 100 կվտ/ժամ ծախսողների համար թանկացել է 60 տոկոսով, 200 կիլովատ ծախսողների համար՝ 35 տոկոսով։

1999-ի այս օրերին «Հայռուսգազարդը» ձեռնամուխ է բնակչությանը գազով ապահովելու գործին։ «Ով գազ է ուզում, թող դիմի մեզ»,-ասում է ընկերության տնօրեն Ռոլանդ Ադոնցը։ Պարզապես պետք է հաշվիչների համար սպառողը 40 հազար դրամ մուծի եւ այդ գումարի չափով անվճար գազ օգտագործել։

Այս օրերին Ռուսաստանում թանկացել է գազը, սակայն Ադոնցը վստահեցնում է, որ մինչեւ 2001-ը դա մեր վրա չի տարածվի։ 1999-ի նոյեմբերի 9-ին հոկտեմբերի 27-ի մասին խոսում է  արձակագիր Հրանտ Մաթեւոսյանը: Նա այդ օրը համարում է ազգային աղետ:

Ռոբերտ Քոչարյանի խնդրանքով ԱՄՆ կառավարությունը մեր կառավարությանն է հանձնում 6 մետաղորսիչ կայան եւ 14 ձեռքի մետաղորսիչ սարքեր։ Այս սարքերի առաջին շահառուն կլինի Ազգային Ժողովը, որտեղ երկու շաբաթ առաջ տեղի էին ունեցել հոկտեմբերի 27-ի դեպքերը։ Դեսպան Մայքլ Լեմոնն ասում է, որ մենք խորհրդարանի ղեկավարությանը վաղուց էինք առաջարկում այս սարքերը, սակայն նրանք չուզեցին, որպեսզի ժողովրդի եւ ընտրյալների միջեւ ավելորդ խոչընդոտներ չլինեն: Զոհված ազատամարտիկների հայ երեխաները 2000-ի նոյեմբերի 9-ին Ֆրանսիայի դեսպանատան մոտ են։

Գիվոեւ ազգանունով մի գործարար նրանց տարել է դեսպանատան ճաղերի մոտ, կոչ է անում ծնկի գալ ու շնորհակալ լինեն Աստծուց ու Ֆրանսիայից, որն ընդունել է հայոց ցեղասպանությունը։ Նրանց մայրերն ասում են, որ այսօրվա իշխանությունն էլ իրենց է ցեղասպանության ենթարկում: Նույն օրը փլուզվում է Նորքի 9-րդ զանգվածի գաջի գործարանի 6 աշտարակներից մեկը։ Երկու հոգի մնում են փլատակների տակ ու մահանում։ Աշտարակում 100 տոննա գաջ է եղել։ Հարուցվում է քրեական գործ։

Նույն օրը առավոտյան Հայկ Բաղդասարյան անունով մի մարդ պայթեցնում է Հայ Օգնության միության գրասենյակը։ Նախորդ օրը 30-35 տարեկան մի տղամարդ մտնում է ՀՕՄ եւ բողոքում, որ վերջինս չի օգնում ազատամարտիկների ընտանիքներին։ Հաջորդ օրը գալիս է նռնակով ու մեծ խնամքով պայթեցնում գրասենյակը։

Ավելի ուշ նույն օրը նա ձերբակալվում է:

Գլխավոր դատախազ Արամ Թամազյանը գոհ է «Առագաստ» սրճարանի զուգարանում սպանված Պողոս Պողոսյանի գործի նախաքննությունից։ Հարցաքննվել է 50 վկա, միայն մեկն է ասում, որ ինքը տեսել է սպանությունը, որի ցուցմունքը դեռ ապացույց չէ։ Հարցաքննվել են նաեւ նախագահի անվտանգության դեպքի վայրում եղած աշխատակիցները, որոնց էլ հենց վերագրվում է սպանությունը, ոչ ոք ձերբակալված չէ: Արդեն երեք օր է, ինչ թիվ 29/83 ավտոշարասյան վարորդները գործադուլ են հայտարարել։ Մայրաքաղաքի 7 երթուղի սպասարկող վարորդները դժգոհում են, որ ավելացրել են օրական վճարումների գումարը եւ հասցրել ամեն վարորդի համար 15 հազար դրամ։ Մինչդեռ թանկացել է նաեւ վառելանյութը եւ երթուղում են հայտնվել միկրոավտոբուսները: 2009-ի այս օրը Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողներն այցելում են «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրություն, որպեսզի ի կատար ածեն դատարանի որոշումը, ըստ որի արգելվում է «Օգոստոսին» եւ այլ ընկերություններին թերթը տպագրել ոչ միայն իրենց, այլեւ որեւէ այլ տպարանում: