Քոչարյանի թիկնազորի անդամ Աղամալ Հարությունյանի գործով առայժմ վաղեմության ժամկետ չի կիրառվի
Աջակցիր «Ա1+»-ին«Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի` վերաբացված գործով դատական նիստին պաշտպանը միջնորդեց վաղեմության ժամկետ կիրառել։
Գործով միակ ամբաստանյալը կրկին Աղամալ Հարությունյանն է' Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի անդամը, ով 20 տարի առաջ դատապարտվել էր 2 տարի պայմանական ազատազրկման։
«Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեժանյանը նշեց, որ դեպքից անցել է 20 տարի եւ անկախ նրանից թեթեւ, թե ծանր հանցագործություն է, պետք է կարճվի:
Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց հետաձգել միջնորդության քննարկումը եւ դրան անդրադառնալ մինչ խորհրդակցական սենյակ հեռանալը։ Պաշտպան Ռոբերտ Բեժանյանը հայտարարեց՝ դատավորի ներկայացրած որեւէ հիմք հասկանալի չէ։ Նա դատարանից ժամանակ խնդրեց' ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 11-ին։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց գլխավոր դատախազության բողոքը և բեկանեց Երևանի կենտրոնում Պողոս Պողոսյանի սպանության գործն ու այն ուղարկեց առաջին ատյան' նոր քննության։ Բեկանման համար հիմք է հանդիսացել Սթիվեն Նյուտոնի հայտարարությունը։ Նա ասել է՝ տեսել է, թե ինչպես է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը 2001թ «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին՝ այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «պրիվետ, Ռոբ» ասելու համար:
Նոր քննությունը նախաձեռնել է Գլխավոր դատախազությունը։