Բացել լրահոսը Փակել լրահոսը
251815947_6737346469623758_8598272205007388281_n
A A
Քաղաքականություն

Այս ժամանակաշրջանը եղել է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման կարևոր շրջափուլ․ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

Դեսպանատունը հրապարակել է ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հրաժեշտի խոսքը․
 
Ավարտելով իմ գործունեությունը՝ որպես Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան, այս հյուրընկալ և հիասքանչ երկիրը թողնում եմ երախտագիտության և ափսոսանքի խոր զգացումով։
 
Այս տարիների ընթացքում ավելի սիրեցի Իրանը և նրա մարդկանց, փորձեցի խորությամբ ճանաչել երկիրը, մեր բարեկամ ժողովրդին և նրա մեծ մշակույթը։
 
Իմ աշխատանքային տարիները եղել են խիստ հագեցած ու չափազանց հետաքրքիր։ Այդ ժամանակաշրջանը եղել է Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման կարևոր շրջափուլ։ Այն նաև համընկել է մեր երկրի համար վճռորոշ ու նաև դրամատիկ իրադարձությունների հետ՝ համավարակ, 2016թ. ապրիլյան և 2020թ. 44-օրյա պատերազմներ, տարածաշրջանային բարդ ու հակասական գործընթացներ։
 
Ամփոփելով ՀՀ դեսպանության վերջին շուրջ յոթ տարիների աշխատանքը քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում՝ երախտագիտություն եմ հայտնում իմ սիրեի գործընկերներին, բոլոր նրանց, ում հետ համագործակցելու հնարավորություն է ընձեռնվել։
 
Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ դեսպանությունում աշխատած դիվանագետներին և բոլոր նախկին դեսպաններին իրենց կատարած մեծ աշխատանքի համար։
Իմ հատուկ երախտիքի խոսքն եմ հղում մեր սիրելի իրանահայ քույրերին և եղբայրներին, ովքեր մշտապես եղել են Հայաստանի կողքին, ում ջերմ և հարազատ վերաբերմունքը զգացել եմ անցած ողջ ժամանակահատվածում։
 
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել սոցիալական ցանցերի մեր հետևորդներին, լրագրողներին և փորձագետներին, ում մշտական հոգատար և ջերմ վերաբերմունքը, ինչպես նաև պահանջկոտ կեցվածքը չափազանց կարևոր է եղել դեսպանության և ինձ համար։
 
Աշխատանքային մեծ հաջողություններ եմ մաղթում իմ հարգելի գործընկերոջը՝ ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Արսեն Ավագյանին, այդ չափազանց պատասխանատու պաշտոնում։
Բարին ընդ ձեզ․․․