Շտապօգնության վարորդները բողոքի ակցիա են իրականացնում․ Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր բողոքի ակցիա են իրականացրել Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդները․ նրանք պահանջում են բարձրացնել իրենց աշխատավարձները։
Խնդիրը, ինչպես նշում են վարորդները, երկար տարիների պատմություն ունեն․ դիմել են տարբեր կառույցների,հանդիպել են Երևանի քաղաքապետարանի պատկան մարմինների հետ, բայց նրանց ջանքերն ապարդյուն են եղել։
Նրանց խոսքով, օրական մինչև 30 կանչ են ունենում և այնքան ծանրաբեռնված են, որ նույնիսկ չեն հասցնում սնվել։ Ակցիայի մասնակից-վարորդներից մեկը նշում է, որ ինքն աշխատում է 3 օրը մեկ և օրվա կտրվածքով ստանում 11 700դրամ աշխատավարձ, որը ամսական կազմում է շուրջ 111 300դրամ։
«Առավոտից իրիկուն բանում ենք, ոչ նորմալ կարողանում ենք հաց ուտել, ոչ մի քանի րոպե հանգստանալ։ Աշխատանքը շատացել է , քովիդը շատացել է․․․ էս աշխատավարձով չենք կարողանա աշխատել»,- ասում է նա։
Մեկ այլ վարորդ նշում է, որ կանչերն այսօր այնքան են շատացել, որ չի կարողանում երկրորդ աշխատանքի գնալ, իսկ շտապօգնության վարորդի աշխատավարձն էլ չի բավարարում։
Բողոքի դուրս եկած վարորդները նշում են, որ չեն դադարեցնելու ակցիան, մինչև չստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։ Նրանց խոսքով, քաղաքապետարանից խոստացել են, որ խնդիրը կլուծվի։ Իրենք սպասում են․․․